Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարակավ ընդունիլ կը դատապարտվին գովեստներ, որոնց արժանի չեն։

Այն կենդանիներն, որ գավաթ մը ջուրի կարոտություն ունին՝ ուրիշներու կենացը համար բաժակ առաջարկելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ հազար տալու կարողություն ունին և հինգ կուտան, կը պատժվին իրենց տված նվերն լրագիրներու մեջ հրատարակվելով։

Այն կենդանիներն, որ առանց աշխատության հարստանալ կը փափագին, դրամով աղջիկ առնելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ ազատ համարձակ ուրիշ կենդանիներն հականե հանվանե կը խայթեն, առակ գրելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ առակեն իսկ կը վիրավորվին, շողոքորթ կենդանիներե փառավորվելու պատժույն կենթարկվին։

Այն կենդանիներն, որ բարեգործ չեն՝ տեղատարափ անձրևի ատեն իրենց հովանոցին տակ ընկեր մը գտնելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ ուրիշները կը խաբեն՝ իրենց պահանջքն ուզելու համար պարտականին երթալու և զայն իրեն խանութին մեջ չգտնելու կը դատապարտվին։

Այն կենդանուհիներն, որ ամեն երիտասարդի վրա մեյմեկ հանգանք գտնելով չեն ուզեր անոնց հետ կարգվիլ, գիշերները տունը ուշ եկող ամուսինով մը կը պատժվին։

Այն կենդանիներն, որ աղջիկ մը գտնելու համար թաղե թաղ կը շրջին՝ գիշեր ցերեկ վեպ կարդացող կնկան մը կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որոնց համբերությունը քիչ է, նախաքննիչ դիվաններուն մեկեն տեղեկագիր մը սպասելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ իրենց բոլոր ժամերը գինովության կը զոհեն և բնավ ջուր չեն խմեր՝ գիշեր մը իրենց ծարավն անցունելու համար խմելու ջուր չգտնելու կը դատապարտվին։

Այն կենդանիներն, որ երկու ժամվան ճանապարհն քառորդի մը մեջ առնել կուզեն՝ նեղ կոշիկներով կը պատժվին։

Այն կենդանիներն, որ խոսք հասկնալու սովորություն չու-