Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԶԲՈՍԱՆՔ

Ծիծաղ. — Եվողե՛, Եվողե՛, Եվողե...

Եվողոս. — Ավասիկ եմ։

Ծիծաղ. — Ինչո՞ւ այսքան տաք է այսօր օդն, կը հրամայեմ քեզ զովացնել զայն անմիջապես։

Եվողոս. — Անհնար է։

Ծիծաղ. — Ինչո՞ւ անհնար է։

Եվողոս. — Որովհետև ոչ Նոտոսն քովս է, ոչ Բորեասն ոչ Եվրոսն և ոչ Զեփյուռն, ամենքն ալ փախած են։

Ծիծաղ. — Ո՞ւր փախած են... արդյոք աղջի՞կ փախուցած են։

Եվողոս. — Չեմ կարծեր, կիրակի ըլլալուն պատճառավ թերևս քիչ մը պտըտելու ելած ըլլան։

Ծիծաղ. — Զիս թողուլ դժոխային ջերմության մեջ և երթալ ուրիշներուն զով օդ ծծել տալ, երախտագիտության նշան չէ. ուստի կը հրամայեմ քեզ ձերբակալել զանոնք և խիստ հարցաքննության ենթարկել։

Եվողոս. — Սպասենք, որ իրենք իրենցմե գան և այն ատեն տնօրինենք արմանն ու իրավը։

Ծիծաղ. — Տաքեն ճաթի՞նք մինչև որ գան, դուն փչե քիչ մը։

Եվողոս. — Ես առավոտե ի վեր փչեցի... շունչս հատավ, կարողություն չմնաց վրաս. ես իսկ մաքուր և զով օդ ծծելու հարկ կզգամ. եթե կուզեք՝ դուրս ելնենք քիչ մը և պտըտինք դաշտերը։

Ծիծաղ. — Ի՞նչպես կրնամ պաշտոնատեղիս թուղուլ։

Եվողոս. — Ի՞նչ վնաս ունի, պաշտոնյաներ կան, որ կնուն-