Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ատեն խայտառակություններ ընենք, երբ մենք մեզի մնանք, ամենքս այսպես կընեն հիմա և մենք ալ պարտավոր ենք այս սովորության հետևիլ:

Մոմոս. — Ի՜նչ բաբի խրատներ... Հիպնոս, մի՛ քնանար, հոգիդ սիրես, փա՜ռք Արամազդա, քնանալու պատճառ մը չունիս, ո՛չ երկար ատենաբանություն ընող կա, ո՛չ ալ գեղեցիկ խոստումներով քեզի օրորող։

Հիպնոս. — Կենդանիներու վարչության մեջ պաշտոն առած՛ օրես ի վեր վայրկյան մը չեմ կրնար արթուն մնալ, շարունակ կը քնանամ... ահ, ահ, գլուխս, գլուխս...

Բեռնակիր. — Մեկդի կեցեք։

Ծիծաղ. — Ինչո՜ւ առաջ չպոռացիր, որ մեկդի կենար և գերանով խեղճին գլուխը չճեղքեիր։

Բեռնակիր. — Սովորությունն ասանկ է հոս. հերիք է, որ մեկդի կեցեք ըսի, խնդիրն առաջ կամ ետքն ըսելու վրա չէ. ճշմարտությունն քիչ մը ուշ հայտնվելուն համար ճշմարտություն ըլլալե չդադրիր, թող որ ժամ անակեն առաջ իրավունք ունենալն, կ՝ըսե առածն, անիրավ ըլլալ է. եթե գլուխը չճեղքած մեկդի կեցեք պոռայի, ամենքդ ալ զիս պիտի հանդիմանեիք, թե ինչո՛ւ այդպես կը պոռամ։

Մոմոս. — Բարոյական, սա Հիպնոսին արյունը դադրեցո՛ւր, բան մը կապե խեղճին գլուխը:

Բարոյական. — Ի՜նչ կապեմ, սարդի ոստայն կը դնեն արյունը դադրեցնելու համար։

Ծիծաղ. — Շուտ մը վազե՝ առյուծանոցեն ա՛ռ բեր։ Հոն շատ կա։

Բարոյական. — Ո՞վ պիտի երթա հիմա մինչև հոն:

Ծիծաղ. —Բարոյական, դուն ալ գործը կերկնցնես, քիչ մը սպեղանի գտիր գոնե և դիր խեղճին գլուխը...

Բարոյական. — Դեղարան չեմ ես, սպեղանին ուսկից գտնեմ:

Մոմոս. — Իրավ երկար ըրիր, Բարոյական, այսչափ կիներ կանցնին, ամենուն ալ երեսը բավական սպեղանի կա, գնա մեկե մը ուզե՛, ի՞նչ վնաս ունի։

Հիպնոս. — Ահ, ահ, ահ...