Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սիղենոս. — Վա, կոհակս... վայ, վայ, վայ... կռնակիս ոսկորները կոտրեցան...

Բագոս. — Անիրա՛վ, ինչո՞ւ այդ հաստ փայտով վարչապետիս կռնակը զարկիր։

Ռահահորդ. — Որովհետև ուրիշ փայտ չունեի ձեռքս։

Սիղենոս. — Վայ, վայ, վայ...

Բագոս. — Բայց ինչո՞ւ զարկիր։

Ռահահորդ. — Որպեսզի գծեն քիչ մը անդին քալե, որ կառքին անիվներուն տակը չմնա և երկու կտոր չըլլա։ Պարզապես զգուշացուցի զինքն և կարծեմ թե ձեզմե շնորհակալություն սպասելու իրավունք ունիմ։

Սիղենոս. — Վայ, վայ, վայ...

Հիպնոս. — Ահ, ահ, ահ...

Ծիծաղ. — Ոսկորները կոտրելու համար շնորհակալությո՞ւն կուզես։ Ահ, եթե Արամազդ հոս ըլլար՝ կը տեսնեիր, թե ինչպես քեզի Ամփիտրիոնի կը փոխեր անմիջապես։ Զգուշացնելու պատրվակավ ամենուն ոսկորները կը կոտրեք։

Ռահահորդ. — Թ՛ող այդ ծերունին ալ այնչափ չխմե։

Սիղենոս. — Խնդիրեն շեղեցավ, կաղաչեմ, Ծիծաղ, ի կարգ հրավիրե զինքն, անձնականիս դպավ։ Վայ, վայ, վայ ոսկորներս...

Մոմոս. — Ո՞ր ոսկորներդ կը ցավին...

Սիղենոս. — Վայ, վայ, վայ, որն ըսեմ, ամենն ալ կը ցավին, եթե քիչ մը գինիով շփենք ի՞նչպես կըլլա արդյոք։

Բարոյական. — Ձեթն աղեկ է։

Մոմոս. — Վազե շուտ մը սա դիմացը կեցող երիտասարդին գլուխեն քիչ մը ձեթ առ եկուր։

Բարոյական. — Կուտա՞... մազերը կավրվին։

Ծիծաղ. — Բարեգործության մը համար է, ըսե՛։

Բարոյական. — Տղա՞ եք, ի՞նչ եք, տեսնվա՞ծ բան է մեր մեջ, որ բարեգործության մը համար կենդանի մը անուշահոտ յուղերով օծված մազերն ավրե, ես ասանկ ծանր առաջարկություն չեմ կրնար ընել։

Սիղենոս. — Ես ալ ծանր կը գտնեմ այդ առաջարկությունն. եթե քիչ մը գինի խմեմ, կարծեմ թե ոսկորներս կը շտկվին։

Բագոս. — Ա՛ռ խմե՛, սիրելի վարժապետս։