Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ամենքն. — Այո, Ժամանակն է, որ կանցնի...

Բարոյական. — Կանչե՞մ։

Ծիծաղ. — Թող տուր անցնի... մենք ուրախանանք, զվարճանանք և Ժամանակն մեր ուրախության նախանձելով թող անցնի։

Բարոյական. — Ո՛րքան ալ շուտ կ՛անցնի...

Բագոս. — Իմ առջևես չկրնար համրաքայլ անցնիլ...

Եվողոս. — Քիչ մը կերակուր ուտենք... հավերժահարսեր, կերակուրը բերեք...

Բարոյական. — Սեղանը պատրաստ է, հրամմեցե՛ք։

Մոմոս. — Նստինք... Բագոսը պիտի նախագահե...

Բարոյական. — Բագոսն աղեկ է, ուտելու, խմելու պաշտոն ունեցող ժողովներու նախագահ կընտրվի միշտ։

Բագոս. — Արդեն մեկալ նախագահներուն ըրածն ի՞նչ է, անոնք ալ վազելով կերթան համեղ կերակուրներով և պատվական գինիներով զարդարված սեղաններու նախագահելու, իսկ երբ վրան կանաչ ասվի ձգված սեղանի մը նախագահելու հրավիրվին՝ կամ տկարություն կ՝ունենան և կամ բանավոր պատճարւ։

Ծիծաղ. — Բագոս իրավունք ունի, խմենք, ուտենք, կերակուրները բերեք։

Բարոյական. — Սեղանը պատրաստ է...

Մոմոս. — Ատյանը բացված է ուրեմն։

Ծիծաղ. — Այո, պատրաստվեցե՛ք ձեր փորըկշտացնելու:

Մոմոս. — Ժողովներուն պատվականագույնն է աս:

Ծիծաղ. — Միս կուզեմ։

Մոմոս. — Ես ալ անուշեղեն կուզեմ։

Եվողոս.— Գայլի մը պես անոթի եմ, հաց կուզեմ:

Ծիծաղ. — Ո՜հ, ի՛նչ անկեղծություն, կենդանիներեն ոմանք կամչնան «Փորս անոթի է։ Հաց կուզեմ» ըսելու և. «Խոսք կուզեմ» կըսեն, ա՜հ, որքան կը սիրեմ պարզությունն:

Մոմոս. — Ստո՞ւյգ է այն լուրն, թե ապուրին մեջ կարմիր պղպեղ դրված է:

Եվողոս. — Այդ հարցմանդ պատասխանը գալ տարի կրնաս առնել։