Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցեք, որ պատմեմ առակն՝ եթե չձանձրացաք առակ մտիկ ընելե։

Կենդանի մը, որ տրամադրություն ունի ամեն անուններուն հարմարելու՝ կենդանասիրական զգացումներե ներշնչված, կըսե ինքն, ամեն օր կը հարվածեր կենդանիներու ժողովն այն պակասություններուն համար, զոր կը գործեր գործող մարմինն։ Ենթադրենք թե գործող մարմինն կը քնանար, այս կենդանին կելներ կը պոռար, թե ինչո՞ւ չարթննար կենդանիներու ժողովն։ Այս ընթացքով՝ զոր իրեն համար գծած էր, կը գործեր այս կենդանին երբ Ծիծաղն հանդիպեցավ իրեն օր մը և հարցուր.

— Ի՞նչ կուզես այս կենդանիներու ժողովեն։

— Շուն մը հավատարիմ մնալու է այն սեղանին, որուն փշրանքովն կապրի, ուստի պատրաստ գտնվելու է միշտ չելու այն կենդանիներու դեմ, զորս մատնանիշ կընե տերն։

— Պատվավոր պաշտոն մը չէ այդ։

— Ես ալ կզգամ, թե պատվավոր չէ, բայց ապրելու համար խիստ ցամաք են պատվավոր պաշտոնները, ես ալ ժամանակավ խղճի մտոք կը հաչեի, բայց կը վնասվեի, անոթի կը մնայի, փողոցներու վրա կը պառկեի, իսկ հիմա որքան հաչեմ կենդանիներու ժողովույն դեմ, այնքան երջանիկ կապրիմ։ Անիրավ հաչումներն ավելի արդյունավոր են հաչողին համար։ Ես գործս կարգադրած եմ, առատ նվերներ կընդունիմ և այս նվերներու փոխարեն ինձ տրված հրամանն կը կատարեմ, այն է, հաչել կենդանիներու ժողովույն դեմ։ Արդ, այս ժողովն հույլ է, թույլ է, ծույլ է, կենդանօգուտ գործ մը չտեսներ։

— Գործող մարմինն արգելք կըլլա անոր։

— Ոչ։

— Անոր ստացվածքն գողնալ կուզե։

— Սխալ է։

— Անոր հրամանները չկատարեր։

— Կը կատարե։

— Եթե այսօր բարի լույս ըսես իրեն՝ Աստծու բարինը վեց ամիսեն կըսե։