Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը խոսինք, որովհետև սեմական ճյուղին կը վերաբերինք. մինչդեռ մարդերն այս առավելությունն չունին միշտ, թեև անոնց մեջ ալ կը գտնվին երբեմն, որ մեր գավառաբարբառին մեկ տեսակն կը խոսին։ Այո՛, ուզեցի քանի մը խոսք ընել, բայց մտմտացի, թե իմ խոսքերս ինչ ազդեցություն պիտի ունենային այն մարդուն վրա, որ յուր շահն ուրիշներն հարվածելու մեջ կը գտնե. ուստի խոհեմություն սեպեցի լռել և համբերել։ Կես ժամ անցնելեն ետքը ելա և բեռս տարի ձգեցի ուր որ պիտի գրվեր։ Ահա ասանկ վայրագ տիրոջ մը քով չորս տարի աշխատելով կմախք դառնալեն ետքը, օր մը ինքզինքս աղբանոցի մը վրա գտա։ Այլևս աշխատելու անկարող ըլլալուս պատճառավ տերս աղբանոց մը տարավ ձգեց զիս։ Երկու ամիս է, որ հոն կելնեմ կը պառկիմ։ Գարիի հատիկ մը կամ բանջարեղեն մը չեմ կրնար գտնել, որ անոթությունս հագեցնեմ։ Եվ որովհետև կարելի չէ անոթի մնալ, շատ անգամ ստիպված եմ ուտել լրագիրներ, հանդեսներ և դասագիրքեր, որ կը վխտան աղբանոցի վրա։ Այս վիճակի մեջ եմ ահա, ո՛վ շուն բարերար, և կուգամ պաղատանոք խնդրել ձեր բարեսրտութենե, որ հաճիք, այս վիճակիս դարման բերելու համար հարուստ մարդու մը մարմնույն մեջ դնել զիս։ Կարող եք դուք կատարել ձեր ծառային սույն խնդիրն, որ ինքնին մեծ դժվարություն մը չներկայացներ։ Վստահ ձեր կենդանասիրական հանրածանոթ զգացմանց՝ լի հուսով եմ, ազնվասիրտ տեր, որ խնդիրս բարի ընդունելության մը պիտի արժանանա, որո համար կը փութամ կանխավ արտահայտել ձեզ իմ երախտագիտական զգացումներս և կը խնդրեմ, որ բարեհաճիք ընդունիլ խորին հարգանացս և մեծարանացս հավաստիքն, որով մնամ ձերդ ազնվասրտության ամենախոնարհ և ամենահնազանդ և ամենահետին ծառա

Վոնոս

Վոնոս. — Կը հուսամ թե խնդիրս... պիտի...

Ծիծաղ. — Ծանր է խնդիրն։

Վոնոս. — Ձեզի համար թեթև է։

Ծիծազ. — Այդ մարմնովդ ի՞նչպես կարելի է զքեզ մարդու մարմնույն մեջ սղմեցնել, եթե մարդ մը քու մարմնույդ մեջ