Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծիծաղ. — Գրեմ. (Կը գրե):

Տեր,

Դրամատույցս պարոն Վոնոս, որ համեստ էշ մէ, ձանձրանալով յուր անտանելի վիճակեն, կը փափագի մարդու մը մարմնույն մեջ բնակիչ, և կ՝աղաչե ինձի միջամտել ձեր բարձրության քով, որ շնորհ ընե յուր խնդիրքն կատարելու համար ազդու հրամաններ տալ որոնց անկ է։

Լիահույս եմ, բարձր տեր, որ պիտի բարեհաճիք հօգուտ իշու մը ձեզ ուղղված սույն հրավերն ընդունիլ, որո համար կը փութամ կանխավ մատուցանել իմ ջերմ շնորհակալություններս և մնամ ձերդ.

Ծիծաղ

Ծիծաղ. — Աղե՞կ է։

Վոնոս. — Շնորհակալ եմ, երախտապարտ պիտի մնամ ձեզ կենացս մինչև վերջին շունչը։ Մնաք բարով, ծառա եմ...

Ծիծաղ. — Ոչինչ կեցիր նամակին վրան գրեմ։ (Կը գրե)

Վոնոս նամակն կ՝առնե և շիտակ Արամազդի տունը կերթա և հանձնարարականը կը մատուցանե անոր։

Արամազդ հանձնարարականն կարդալն հետո կը հարցնե Վոնոսին.

— Մարդու մե՞ջ մտնել կ՝ուզեք։

— Այո՛, տե՛ր։

— Շատ լավ, մարդու փոխեմ զքեզ։

— Չէ, մարդու մարմնույն մեջ կ՝ուզեմ էշությունս պահել։

— Լավ։

Արամազդն մարդ մը բերել կուտա յուր առջև և կը հրամայե իշուն մտնել անոր մարմնույն մեջ։ Արամազդա հրամանն անմիջապես կը կատարվի։

Վոնոս անպատում ուրախություն կզգա մարդու մեջ գտնվելուն համար, երախտագիտական զգացումներ կը հայտնե Արամազդին և կերթա շնորհակալություններն ներկայելու Ծիծաղին։

— Ծիծաղ, կ՝ըսե, ահա մարդու մեջ մտա և եկա շնորհակալություններս հայտնելու քեզ։

— Բան մը չէ։