Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կերպով կը դատվի. թող որ գինին մեծ առավելություններ ալ ունի կնկան վրա։

— Ի՞նչ կըսես, Բարոյական։

— Ես ամեն չափազանցություն միևնույն կշռով կը կշռեմ և ամենն ալ հավասարապես կը դատապարտեմ։

— Դատապարտե դուն եթե գործ չունիս. իմ հացս, գինիս տվեք, որ խմեմ և երթամ։

— Աս ծերունին, որ կը մոտենա համակրելի դեմք մունի, արդյոք ինչո՞ւ կը մուրա այն խեղճը։ Ծերունի՛, բախտն առաջնորդեց քեզ այդ վիճակին։

— Ոչ, զիս թշվառ ընողն այն մոլությունն էր, զոր ունեի լրագիր կարդալու և դիվանագիտական խազերու խելք հասկըցնելու: Առավոտե մինչև երեկո Օրագիր կը կարդայի, գիշերներն շատ անգամ կը լուսցնեի։ Կինս կըսեր ինձ. «Սիրելի էրիկս, ուտելու հաց չուեինք այս գիշեր, մեր զավակներն անոթի պիտի մնան ինչպես երեկ գիշեր. ձգե՛ սա լրագիրներն և գնա մեզ ուտելիք ճարելուս։ Ես կը պատասխանեի կնկանս» «Սիրելի կնիկս, այսինչ կառավարության նավատորմիղն այնինչ նավահանգիստեն այսինչ նավահանգիստն գալն մոտակա խռովություններ կը ծանուցանե։ Այսինչ կայսեր այնինչ կայսեր հետ մեկ բաղնիքի մեջ լվացվիլն իբր աղեկ նշան չնկատվիր։ Այսինչ թագուհվույն մանչ զավակ մը բերելն դիվանադետներն շվարեցուց քիչ մը»։ Ասոնք պարապ խոսքեր են, կըսեր կինս, այդ խնդիրները մեզի համար չեն, գնա՛, աշխատե՛, գործ մը գտի՛ր, վերջք շատ կը զղջաս։ Կնկանս այս խոսքերեն կը համոզվեի, դուրս կելնեի, բայց զբոսարան մը մտնելուս պես քաղաքական խնդիրներու վրա վիճաբանության կը բռնվեի և այս վիճաբանությունը կը տևեր գիշերվան մինչև ժամը երեքը։ Տունս կը դառնայի և կնկանս կը հասկցնեի, թե ինչպես եղավ, որ հակաճառության բռնվեցա, թե մեկ ընդդիմաբանիս կարծիքն էր, թե այսինչ դիվանագետեն հիվանդությունք կուրծքի տկարություն էր, թե իմ կարծիքս էր թե մտքի տկարություն էր, թե ուրիշ մը կը կարծեր, թե հարցման մը չպատասխանելու համար նորաստեղծ հիվանդություն մ՝էր, թե ուրիշի մը կը թվեր, թե աչքի տկարություն ուներ և այլն։ Կինս պաղ արյամբ մտիկ ընելեն ետքը կը