Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Բարձր բանաստեղծություններու մեջ ստակի խոսք չըլլար, ամոթ է։

— Այսուամենայնիվ բաղնեպանն մինչև որ դրամը չառնե, թող չտար ներս մտնել։

— Ատ ուրիշ խնդիր. մեր խոսքը գրականության վրա է և ոչ թե ծովու բաղնիքին վրա։

— Ես ալ կուզեմ, որ նկարագրություն մը մեր առջև պարզված տեսարաններն ճշտությամբ պատկերե առանց բան մը դուրս ձգելու։ Օրինակի համար, շատ մը բանաստեղծներ գարունը կը նկարագրեն, չգիտեմ, թե իրոք տեսած են գարունն և ո՞ւր, և այդ նկարագրության մեջ գրեթե միշտ սոխակն է, որ կը խոսի: Գարունը նկարագրող ոտանավորի մը մեջ բնավ չեմ տեսած էշ մոր զռա, աքաղաղ մոր խոսի, գառնուկ մոր մայե, հնդկահավ մր որ կլուկլուկե, և ի՞նչ ներդաշնակություն չեն կազմեր ասոնք, եթե փոխ առ փոխ երգեն գյուղի մը մեջ: Նյութեր կան, որ որքան վարեն դիտվին և գրի առնվին, այնքան բարձր, փափուկ և բնական կըլլան: Չեմ ըսեր, թե գարունն բարձրեն չդիտվի մանավանդ մեծ հանճարներեն, բայց չեմ հավանիր երբեք, որ ոտանավոր մը գարունով և լուսափետուր հրեշտակներով սկսի ու ներքին կանոնադրության այսինչ հոդվածով վերջանա:

— Ես ալ ձեզի համակարծիք եմ. հին մուսաները շոյելու է քիչ մը: Այս խնդիրն ալ թողունք և անցնինք դաստիարակության. այս ի՞նչ վիճակի մեջ է։

— Այն վիճակին մեջ է, ուր կը գտնվեր տասը տարի առաջ: Մասնավոր ջանքեր կըլլան, զայն տարածելու համար, իսկ կեդրոնն բոլորովին անտարբեր է: Ամեն կենդանի ամեն բանի համար դրամ կը գտնե, բայց դաստիարակության համար չգտներ կամ գտնել չուզեր և կերպով մալ իրավունք ունի:

— Ինչո՞ւ:

— Որովհետև, ինչպես քիչ մը առաջ խոսքը անցավ, ամենեն թշվառ ապրողներն անոնք են, որ կրթություն առած են, և ամենեն երջանիկներն անոնք են, որ կրթութենե բոլորովին զուրկ են: Դասատուներ՝ որ աշխարհիս զարգացման գործին մեջ մեծ դեր կը խաղան, իբրև անարգ էակներ կը նկատվին