Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՐԻՍԱ

— Այտամ, ապագային երկնից վրա ոչ այլ ինչ կը նշմարես, կըսես, եթե ոչ սև կետ մոր թվի քեզ մահագուշակ։ Փոխանակ ակնապիշ ըլլալու հոն. դարձու աչքերդ ուրիշ լուսավոր կետի, ապագային կամարը գիշերամած մնալու նախասահմանյալ չէ երբեք։ Բյուրավոր հուսո աստղեր կը փայլին անդ նաև անուշ և մխիթարիչ լուսով։ Ժիր գործունեությամբ և կամ վհատությամբ կենաց փայլը կամ մռայլը փոքր ի շատե հաստատելու կը նպաստենք։ Ազատ ես դու լույսը կամ գիշերն ընտրելու։

Բարոյական. — «Ապագային երկինքը... սև կետ... լուսավոր կետ... ապագային կամարը... գիշերամած... բյուրավոր հուսո աստղեր... մխիթարիչ լույս... կենաց փայլը... մռայլը... լույս... գիշեր»... աստղագիտության վրա կը խոսի կարծեմ։

Ծիծաղ. — Ոչ, փոխաբերական ձևով կը մխիթարե Այտամն և կը հորդորե զայն, որ չհուսահատի, հարելով միանգամայն, թե գործունեությւսմբ կրնա երջանիկ ըլլալ։

Բարոյական. — Եթե այսպես պարզ խոսեր՝ կարծեմ յուր խոսքերն ավելի սփոփիչ և ազդեցիկ կը լինեին. յուր հոգվույն հատորն կորսնցնող կինն կը ձանձրանա այս ճառեն, որ սկզբեն մինչև վերջը երկնային մարմիններե կազմված է, ինչպես նաև չերթար, հավատացե՛ք որ չերթար, այլ և այլ ձևերու մեջ դեգերիլ յուր աղեհույզ ցավն ու կսկիծն բացատրելու համար, և այս խիստ բնական է։ Ինչու ուրեմն չհնազանդիլ այն օրինաց, որ բնության վրա բարձրացած են. ինչո՞ւ նորաձև լինելու փափագով տգեղացնել գեղեցկությունը։

Կրիտիկոս. — Բարոյական, մի՛ մեղադրեր հեղինակն, վասնզի նա այնպես սորվեր է յուր վարժապետեն և այնպես համոզվեր է, թե գործո մ՝արժեքն այնքան կը բարձրանա, որքան պարզութենե և բնականե հեռանա։ Նույնիսկ դեռ կան գրագետներ, որ բառախաղությամբ կ՝զբաղին և կզմայլին այս տեսակ ձևերուն վրա որք՝ կրնան թեև ուրիշ ճառերու մեջ ոճույն սաստկություն և վսեմություն տալ՝ սակայն գոնե խոսակցությանց և նամակներու մեջ շռայլաբար գործածվելու չեն։ Ես չեմ մեղադրեր հեղինակն, նամանավանդ կը գովեմ զինքն իբրև տեր շքեղապես հագված ոճո։ Բայց մտիկ ընենք Այտամն։