Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կերբերոս — Դափնյա պսակ հյուսելն այնքան դյուրին գործ է։

Ծիծաղ — Մոռցա ըսելու, որ քանի մը ատենե ի վեր պսակն պզտիկ գալուն համար մեծ գլուխներուն՝ դափնյա կողով սկսան հյուսել, այս արհեստն չինկյանեներեն սորվեցան, և այդ կողովներն կանցունեն հիմա անմահության փափագողին գլխուն։

Կերբերոս — Խե՜ղճ դափնի... շատ հավանական է, որ այդ կողովներուն մեջ հավկիթ ալ դնեն... Ծիծաղ, իրա՞վ կըսես, թե կատակ կընես։

Ծիծաղ — Կատակ ընելու ի՛նչ կա, կենդանիներն այնքան վարժված են այս կողովներուն, որ ամենուն գլուխն առնվազն մեկ հատ պիտի գտնվի։ Շատ անգամ կենդանի մը նույնիսկ իրեն համար դափնյա կողով մը կը շինե և գլուխը կանցունե: Հասկցա՞ք հիմա, Կերբերե, անմահության գաղափարն ինչպես մուտ գտած է մահկանացուներու մտքին մեջ։

Կերբերոս — Կըմբռնեմ. մասամբ ընկերներդ են պատճառ այդ սնափառության։ Երբ մեկն ամեն օր շողոքորթվի չափազանց գովեստներով՝ բնականաբար ինքզինքին մեծ կարևորություն կուտա, սակայն երբ ինք իր մեջ մտնե, յուր կարողությունն չափե, ինքզինքն բաղդատության դնե իրմե մեծին հետ, այն ատեն, կարծեմ, շուտ մը կը հասկնա այդ գովեստներուն շարժառիթն։ Հիմա կզգամ նաև քու պաշտոնիդ ծանրությունն, բայց մի վհատիր։

Ծիծաղ — Ո՛չ, չպիտի վհատիմ, միայն կը փափագիմ ձեր իմ վրա ունեցած սխալ կարծիքն ուղղել և զձեզ հրավիրել, որ չհավատաք երբ ինձի համար ծույլ, փոփոխամիտ ըսեն։ Եթե քանի մը անգամներ մեռած եմ ոչ ծուլությանս պատճառով էր և ոչ ալ փոփոխամտությանս, այլ այն անկարողության համար միայն, զոր ունիմ քծնելու, կամ անիրավ հարձակումներ ընելու։

Կերբերոս — Կիմանամ, ավելի կուզես ծույլ և փոփոխամիտ կարծվիլ, քան թե քծնող և վատ լիեիր Մնաս բարով։

Ծիծաղ — Երթաս բարով, չմոռնաս իմ հարգանքներս Մեղուին և բարևներս շուներուն։