Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նե՛ և քայլե՛...» Միացիր արդարության բարեկամաց...: Կերկրորդեմ, Այտամ, վերջ տուր կսկծիդ...։ Անցյալը վրադ գուրգուրաց ինչպես սիրեցյալ գողտրիկ որդեկի. իսկ ներկան զքեզ կին պիտի հանդիսացնե ընդդեմ դժբախտությանց անձդ արիացնելով...:

Կրիտիկոս. — Սքանչելի տողեր։


ԱՅՏԱՄ

— Մի՛ այդչափ փութար դատապարտելու զիս. չգիտես թե որչափ սիրտս թախիծով բեռնավորված է...։ Ի՜նչ անկում, ի՜նչ վհատություն. խեղճ սի՜րտ, ոչ ոք գիտե, թե որչափ կը հեծես լռին:

Կրիտիկոս. — Փոխանակ այսպես խոսելու ըսե՛, Այտամ, թե երեկ իրիկուն քանի մը անձեր, որ ամուսնույս կենդանությանը գրեթե շաբաթը մեկ երկու գիշեր մեր տունը կուգային, պատուհանիս տակեն անցան և իրենց գլուխն վեր չբարձրացուցին գոնե բարև մը տալու համար ինձի, ըսե՛, թե քանի մօր առաջ աղջկանս հետ գնացի ծովեզերքն և նստեցանք ժայռի մը վրա, ուր վերջին անգամ գնացած էի ամուսնույս հետ... ըսե՛, թե երեկ աղջիկս գրադարանեն ավետարանը բերավ ինձ, որ կարդամ, և երբ բացի՝ առաջին երեսին մեջ տեսա ամուսնույս գիրն, որով յուր աղջկան ծննդյան թվականն արձանագրած էր... լացի, ըսե, թե մատակարարս երեկ հայտնեց, թե ուտելիք և վառելիք գնելն անհնար է առանց կանխիկ վճարելու... ըսե՛, թե քանի մը սրիկաներ ծանր խոսքերով զիս վիրավորել ուզեցին, վերջապես ասոնց նման բան մը զրուցե, և կամ խոսե այն դեպքերուն գոնե միույն վրա, որ հեծել կուտան սիրտդ և թախիծով կը բեռնավորեն զայն։ Այդ դեպքերուն հիշատակությունն շատ պերճախոս է «Որչափ կը հեծես լռին, ո՜վ սիրտս է։


ՐԻՍԱ

— Խույս տուր խավարեն, խույս տուր ստութենեն. մի վախնար առանձին մնալեդ, զի պիտի գտնվին միշտ դուզ-