Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լուրն, ես ձայնավորությամբ կապրիմ, և եթե չգիտնան թե ես ողջ եմ, չեն կանչեր զիս։

Տզրուկ — Որո՞ւ փույթ, ես չեմ կրնար իմ տված լուրս ուղղել և լրագրույս պատվույն վնասել։ Մանավանդ թե դուն բաժանորդ ալ չես ինձի։

Սոխակ — Բայց...

Տզրուկ — Բայց չկա, խնդիրն աս է։

Սոխակ — Բաժանորդ մը կը գրվիմ։

Տզրուկ — Դուն իմ միտքս չհասկցար, ես ըսել կուզեմ, թե այնպիսի ձևով մը շտկենք աս լուրն, որ ոչ քեզի վնասե, ոչ ալ ինձի։

Սոխակ — Հասկցա։

Տզրուկ — Քանի տարվան համար բաժանորդ պիտի գրվիք։

Սոխակ — Մեկ տարվան համար։

Տզրուկ — Շատ լավ, ես անանկ հոդված մը կը գրեմ, որ ոչ քեզի և ոչ ալ ինձի դպչի։ Բաժանորդագինն կանխիկ է։

Սոխակ — Հրամմեցե՛ք։

Տզրուկ — Գնացեք և վաղը կը կարդաք, ես կուղղեմ այդ սխալն, ինչպես որ օրեն է ուղղել, երբ բաժանորդագին մը միայն վճարե մեկը։

Հետնյալ օրը տզրուկին լրագրին մեջ սոխակը կը կարդա սա տողերն, «Ասկե առաջ հրատարակած էինք, թե սոխակն գետի մը մեջ խեղդված է, վերջեն առնված արժանահավատ լուրերեն բերկրությամբ կիմանանք, որ այդ սոխակն հարություն առեր է և մայրաքաղաքս վերադարձեր է»։ Այս տողերուն վրա, որոնց հավատացող չգտնվիր՝ սոխակն կը սրդողի և տզրուկին կը դիմե։ Նորեն բանակցություն։

Սոխակ — Աս ի՞նչ ես ըրեր։

Տզրուկ — Այնպիսի վարպետությամբ մը գրեցի, որ մեր երկուքին շահերն պաշտպանվեցան։

Սոխակ — Բայց այդ վարպետության հավատացող չկա, ամենքն զիս մեռած կը կարծեն նորեն։

Տզրուկ — Ի՞նչ ընեմ, ուրիշ կերպով կարելի չէ...

Սոխակ — Չե՞ս կրնար գրել, թե մեր առջի տված լուրն անհիմն է և թե սոխակն ո՛չ խելքը փախցուցած է, ո՛չ ալ գետի մեջ խեղդված։