Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակավ արտասանված էր, որ կերպով մը կը հայտներ, թե քուրմերն շատ չպիտի վիրավորվեին եթե իրենց հրավերն չընդունելով ժողովեն բացակա գտնվեր Հ... Ս...ն՝ որու հետ և ոչ մեկ ժողովո մեջ անդամակցություն ըրած չէին։

Հ... Ս...ն որ դիվանագիտական և կեղծ ձևերե չախորժիր, ինչպես որ ես ալ չեմ ախորժիր, մերժեց այդ հրավերն և ներկա չգտնվեցավ ժողովույն, ինչպես որ ես ալ ներկա չգտնվեցա։

Ողջամիտ մահկանացուներու խումբ մը, ժողովրդյան ընտիր բազմություն մը, երկու մասի բաժնված աստվածներու արբանյակներն ներկա էին այս ժողովույն։

Ատյանը բացվեցավ և քանի մը ատենական գործողություններ կատարվեցան։

Հետո քանի մը քուրմեր հետզհետե ատենաբանեցին և անուղղակի կերպով խնդրեցին քուրմերեն, որ այս կենսական խնդրույն մեջ իրենց խղճին միայն հետևին, ի բաց նետելով, առժամանակյա կերպով անշուշտ, անձնական կիրք, ատելություն, թշնամություն և ոխակալություն...։ Այսչափ բեռն կարելի՞ է քանի մը վայրկենի մեջ պարպել։

Քուրմերն ջերմեռանդությամբ և բարեպաշտությամբ ունկընդրին ատենաբանությանց՝ որոնցմե հուզվիլ իսկ կեղծեցին ոմանք։

Երկու կուսակցությանց արբանյակներն ազգին շահերը պաշտպանելու համար մերթ ընդ մերթ կը խանգարեին ժողովոց կանոնավորությունն։

Հուսկ ուրեմն կատարվեցավ քվեարկությունն։

Մարդն եկավ արդյունքն կարդալու, և հազիվ թե ամենա... եռավանկն լսվեցավ, մեկ կուսակցության արբանյակներն սկսան ծափահարել և պոռալ, ձայն բազմաց ձայն Աստուծո:

Երկրորդին անունն առանց ծափահարության անցավ։

Երրորդն ալ առաջևույն պես ծափահարվեցավ մյուս կուսակցության արբանյակներե և ձայն մըսավ. ահա արժանավորն:

Ողջամիտ մասն ինչպես նաև ժողովուրդն խորհրդարանական օրենքն հարգելու համար միայն չուզեց ծափահարել ո՛չ առաջինն, ո՛չ ալ երկրորդն։