Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒ ԺՈՂՈՎ ՄՈՐ ԹԵ ՀԵՏԱՁԳՎԱԾ է ԵՎ ԹԵ

ՀԵՏԱՁԳՎԱԾ ՉԷ

Աստվածներու գերագույն ժողովույն ատենապետ ոսկերիշ աստվածն, ժողովույն կողմե նախապես տրված որոշման համաձայն ի նիստ կը հրավիրե ժողովականներն, ընտրելու համար իրենց քրմապետն։

Այս հրավերին վրա աստվածներն, որ երկու, երեք, չորս կուսակցությանց բաժնված էին, անմիջապես կը զինվին պերճախոսությամբ, տրամաբանությամբ, պատմական իմաստասիրությամբ, բնական գիտությամբ, քիչ մալ ստախոսությամբ, զրպարտությամբ, բծախնդրությամբ և իմաստակությամբ, և կը պատրաստվին ժողովատեղին երթալ հետևյալ օրն, և յուրաքանչյուր կուսակցությունն գովել հոն յուր ընտրելին և պարսավել ու զրպարտել ուրիշներու ընտրելիներն, ըստ խորհրդարանական հնավանդ սովորության։

Եվ ահա նույն երեկո ½ պաշտոնական ազգ մը կամ պաշտոնական ծանուցում մը կը հայտարարե, թե ինչ ինչ պատճառներու համար հետաձգված է նիստն։ Աստվածներու մեջ ժողովներն միշտ ինչ ինչ պատճառներու համար կը բացվին, կը գոցվին կը հետաձգվին և այս անիծյալ ինչ ինչ պատճառներ միշտ գաղտնի կը մնան խեղճ մահկանացվաց։

Այս ծանուցումն մեծ իրարանցում կը պատճառե ժողովականաց։ Յուրաքանչյուր կուսակցություն իրեն համար դավ մը կը նկատե այս ծանուցումն, զոր հնարած է, կըսե, մյուս կուսակցությունն, որպեսզի մեզ կուսակից ժողովականներն բացակա մնան ժողովեն և ինքն քրմապետ ընտրե յուր ուզած քուրմն։