Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զումք կըսեին ինձ. «Ո՛ ճշմարտություն, ծերացած ես դուն, ամեն գործի մեջ մի մտներ, ամեն խոսքի մեջ մի նետվիր, մեկուսացի՛ր և աշխատե՛ միայն խաղաղ կյանք վարելու։ Աշխարհս փոխված է, տասնևիններորդ դարու մեջ չկրնար երջանիկ կյանք վարել ճշմարտությունն եթե խոսի, ճշմարտությունն լռելու է այլևս, որովհետև մարդիկ՝ հացի խնդրով զբաղած՝ ժամանակ չունին առասպելներ մտիկ ընելու»։

Գութ. — Առասպե՞լ...

Ճշմարտություն. — Մեռա և... դուրսը մարդ կա՞...

Գութ. — Ո՛չ, առանձին ենք։

Ճշմարտություն. — Եվ անոթութենե մեռա. մարդիկներու մեկ մասն անոթութենե մեռցնելե հետո հետին թշվառության մեջ թողլով մյուս մասն ալ, որ կը շարունակե մեռնիլ սովալլուկ։ Ետևես եկող բոլոր ընտանիքները կործանեցան և մոխիրի վրա նստեցան, առջևես գնացողները կանգնեցան և հոյակապ շենքերու մեջ կ՝ապրին։ Աչոքս իսկ տեսա մարդկանց ողբալի դժբախտությունն։

Գութ. — Ո՜րքան փոխված է աշխարհ...

Ճշմարտություն. — Անոթութենե մեռա, երկար Ժամանակ հալածվելե ու բազում տարիներ անդամալուծյալ վիճակի մեջ չարչարվելե հետո։

Գութ. — Բժիշկ մը չդարմանեց զձեզ։

Ճշմարտություն. — Բժիշկ մ՝այցելեց։ Օր մը շողոքորթության ոգիով շփեց չորս կողմս։ Օր մ՝ալ կեղծավորության բույսն եփեց ու մեջը ստություն խառնեց ու տվավ որ խմեմ. խմեցի, օգուտ մը չտեսա։ Ուրիշ մ՝ալ եկավ ու պատվիրեց, որ ստության ցուրտ ջուրին մեջ լվացվիմ. լվացվեցա և ցավերս սաստկացան։ Կտանջվեի և կը չարչարվեի ցավոցս մեջ։

Գութ. — Հիվանդությանդ պատճառավ էր ուրեմն, որ դուրս չէիք կրնար ելնել, որովհետև քանի մը ժամանակե ի վեր ձեր անունը չէր լսվեր հրապարակի վրա։

Ճշմարտություն. — Չէի համարձակիր դուրս ելնել, կը վախնայի փաստաբաններեն, որոց մին օր մը քարաձգությամբ ոտքս վիրավորեց և սենյակիս մեջ բանտարկեց, մինչև որ բժիշկ մեկավ և բժշկեց զիս, ոտքս կտրելով։

Գութ. — Մյուս ոտքդ ո՞վ կտրեց հապա։