Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Արժանիք. — (Առ Անկեղծություն) Ո՞վ է սա։

Անկեղծություն. — Մարդասիրությունն է։

Արժանիք. — Անդիի աշխարհ գնացած չէ բնավ։

Անկեղծություն. — Ո՛չ, բնիկ աս տեղացի է։

Արժանիք. — Մեռելածի՞ն է խեղճը։

Անկեղծություն. — Ծնելամահ է։ Սիրելի Արժանիք, թթվածինե ու ազոդե բաղադրյալ օդույն մեջ չենք կարող շնչել։ Բնությունն սահմանած է, զմեզ ապրիլ այս մթնոլորտին մեջ։

Արժանիք. — Ինչո՞ւ ուրեմն բնությունն զմեզ անդիի աշխարհին մեջ ի լույս կը բերե և հոն զմեզ խայտառակելեն ետքը հոս կը դարձնե։ Միթե խաղալի՞ք ենք անոր։

Անկեղծություն. — Աշխարհիս վրա կա՞ միթե բան մը, որ բնության խաղալիքը չըլլա։ Բայց այս նյութին վրա ուրիշ օր մը կը խոսինք։ Այժմ, կը վստահացնեմ զքեզ, թե շատ գոհ պիտի ըլլաս այս օդափոխութենեն։ Հավատացե՛ք, շատ քաջառողջ եմ մեռնելես ի վեր։ Չէի ապրեր, եթե չմեռնեի։

Արժանիք. — Ճշմարիտ է, դեռ ամիս մ՝առաջ քու վրա կը խոսեին։

Անկեղծություն. — Ի՞նչ կ՝ըսեին, վես, կոշտ, անթարտավան, համառ ածականներով կը հիշատակեին զիս, այնպես չէ՞։

Արժանիք. — Ո՛չ, բայց...

Անկեղծություն. — Գիտեմ, գիտեմ, կը ճանաչեմ այդ անպիտաններն, որոց ջախջախած եմ գլուխները։

Մարդասիրություն. — Ինձի համար ի՞նչ կ՚ըսեն։

Արժանիք. — Ձեր վրա գաղափար չունին, որ կարծիք հայտնեն, եթե տեսած ըլլային...

Անկեղծություն. — Ապուշ է, կըսեին։ Բայց, ձեր վրա խոսինք, Արժանի՛ք, եթե ոչ օդափոխության համար՝ ինչ նպատակավ ուրեմն բարեհաճեցաք ձեր ներկայությամբն զմեզ պատվել։

Արժանիք. — Նպատակ չկա, պարզապես ճաթեցա։

Անկեղծություն. — Ճաթեցա՞ր, և ինչո՞ւ բարեհաճեցաք ճաթիլ։

Արժանիք. — Կը խնդրեմ, մի՛ ստիպեր զիս խոսելու, որովհետև դող և սոսկում կը բռնե զիս։