Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րինում է պատրիարքին, իսկ մի այլ պարագայում նա կարող է հանդես գալ իբրև ներկայացուցիչ եվրոպական որևէ տերության՝ մի հանգամանք, որը բանասերների համար ստեղծում է անել վիճակ:

«Ծիծաղը» ամբողջությամբ այլաբանություն Է. բայց, քիչ չեն այն հոդվածները, որոնց մեջ այլաբանությունները լոկ բարոյախոսություններ են, առանց քողարկված իմաստի։

«Ծիծաղը» լույս է տեսել 1883 թվականի հունվար-հունիս ամիսներին, պրակ առ պրակ իբրև երգիծաբանական հանդես, որից մեզ մոտ պահպանված չէ ոչ մի օրինակ։

«Ծիծաղի» և հեղինակի երկու այլ գործերի («Մեծապատիվ մուրացկանները», «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ»), առանձին գրքերով, առաջին հրատարակիչը Ս. Պարտիզպանյանն է, որը 1883 թվականին լույս ընծայեց «Ծիծաղը»՝ առանց ծանոթագրությունների:

Պարտիզպանյանը հիշյալ երկերի սոսկ հրատարակիչը չէր, այլ սատարողը. ավելին, նա, ըստ Տողրամաճյանի վկայության. «...այդ երեք հեղինակությունները իր հաշվույն գրել տված է անմահ երգիծաբանին»։

Պարոնյանի մահից հետո, 1899 թվականին «Ծիծաղը» տպագրվեց Թիֆլիսում, Գյուտ քահանա Սղանյանցի հրատարակությամբ, իսկ մեր օրերում լույս տեսավ հեղինակի երկերի ժողովածուների մեջ պրոֆ. Ս. Մանուկյանի հմտալից ծանոթագրություններով, որոնք հանդիսացան «Ծիծաղի» գիտական վերծանման (Հ. Պարոնյան, Երկերի լիակատար ժողովածու, V հտ., Պետհրատ, Երևան, 1935։ Հ. Պարոնյան, Ընտիր երկեր, II հտ., Հայպետհրատ, Երևան, 1955)։

«Ծիծառի» սույն հրատարակության մեջ հիմնականում օգտագործված են Ս. Մանուկյանի ծանոթագրությունները՝ կազմված բանասիրական ճշգրիտ եզրակացությունների, ինչպես և մեծանուն գիտնականներ Արշակ Չոպանյանի, Հրաչյա Աճառյանի, Պարոնյանի անձնական բարեկամ Առաքել Վարդանյանի և Պոլսի ազգային կյանքին քաջ գիտակ Անտոն Ասլանյանի որոշ ցուցումների հիման վրա։

«Ծիծաղի» լրիվ վերծանումը պարոնյանագիտության կնճռոտ ու կարևոր խնդիրներից է և այն տակավին սպառված չէ։ Երկարատև տարիներն անհետ մոռացության են մատնել հեղինակի բազմաթիվ այլաբանական մտքերի ու երգիծանքի շարժառիթները՝ կապված անմիջապես ժամանակի հետ։ Գրավոր հիշատակություններ նույնպես չկան ապագա բանասերին ուղեցույց հանդիսացող, որով, մեր աշխատանքի կռվանը ոչ թե սկզբնական աղբյուրներն են, այլ կողմնակի, այսինքն բանասիրական որոնումները, հետևապես, մասնագետների, թե ընթերցող հասարակության կողմից կատարված ամեն մի նոր ճշտում, փաստացի տեղեկություն անմահ երգիծաբանի ժառանգությունը լուսաբանող շահեկան ավանդ են։

Բացի հայերենից «Ծիծաղը» 1914 թվականին հրատարակվեց հունգարերեն.

Hagop H. Baronian. Szatirak. OrmenyboI Iorditotta: Kapatan V. Mirton. Szamosujvart «Аигога», 1914.