Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդիրն հրապարակ կելնե. ի՞նչ ընթացք պիտի բռնես այս պարագային մեջ։

Բարոյական — Իրավունքներն պիտի պաշտպանեմ և անիրավ պահանջումնեին, եթե ունի, պիտի հարվածեմ։

Ծիծաղ — Տեսա՞ր, որ այդպես չէ։

Բարոյական — Ի՞նչպես է ուրեմն։

Ծիծաղ — Այս պարագային մեջ հարձակողական դիրք մը պիտի բռնես իրավունքներն պահանջողին դեմ և ամեն րոպե առանց շունչ առնելու պիտի պոռաս, թե անոր գլխարկին գույնն ճերմակ է, թե վերարկուն կապույտ է, թե ճերմակն կապույտին քով ուրիշին իրավունքներն բռնաբարելու նշան է, թե գոտին մանուշակագույն է, թե աս գույնն խարդախություն կը նշանակե, և հրավեր իսկ պիտի կարդաս ընթերցողներուդ զգուշանալ այդ գույնեն։ Եթե այն օրերն երկրաշարժ մը տեղի ունենա՝ անմիջապես հավելված մը պիտի հանես ըսելով՝ «Դժբախտաբար այս անգամ ես կը հաստատվի այն ճշմարտությունն, թե ճերմակ գլխարկն երկրաշարժ կը պատճառե»։ Եթե ճերմակ գլխարկն ջրով երթա կրակ մը մարելու՝ շուրջդ գտնվողներուն պիտի ըսես, որ սափորին մեջ յուղ կա և պիտի համոզես զանոնք, որ ծեծեն ճերմակ գլխարկն և անոր ոսկորներն ջարդուբուրդ ընեն։

Բարոյական — Իսկ եթե իրօք անիրավ ըլլա, այն ատեն ի՞նչպես պիտի վարվիմ։

Ծիծաղ — Բաժանո՞րդդ է, որովհետև այս կետն բնավ մոռնալու չէ։

Բարոյական — Ենթադրենք, թե բաժանորդս է։

Ծիծաղ — Այս պարագային մեջ, քու պաշտոնդ պիտի ըլլա գրել, թե գլխարկին գույնն նոր ապացույց մէ ճերմակ գլխարկին այն բարեմասնությանց, որոնց փորձը հաճախ տեսնելու պատիվն ունեցած ենք, թե կապույտ և մանուշակ գույնն անկեղծության, անմեղության տիպար դարձուցած են ճերմակ գլխարկն, թե այս գույներն մեծ առավելություններ ունին սև գույնին վրա, որուն ըրած տխուր տպավորությունն արդեն ծանոթ է, թե ճերմակ, կապույտ և մանուշակ գույներն շատ իսկ են ապացուցանելու, որ ճերմակ գլխարկն իրավացի է յուր պահանջումներուն մեջ, թե այսուամենայնիվ, խոնար-