Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ըսենք թե մեկը ուրիշի մը երեսը քիչ մը ուժով կը շոյե և կը ցավցունե։ Շոյվածն յուր արժանապատվությունն վիրավորված կարծելով, որովհետև արժանապատվության կաշին շատ բարակ է, անմիջապես կը վիրավորվի, շոյողին դեմ դատ կը բանա և այս դատն քեզի կը հանձնե. ի՞նչպես պիտի փաստաբանես։

Բարոյական — Պիտի ըսեմ, թե այսպիսի կատակ մը անկրրթութենե հառաչ կուգա, և թե պատվիրեցեք իրեն, որ մեյ մալ ասանկ ձեռքի կատակ չընե, ոչ միայն իմ պաշտպանյալիս հետ, այլև ոչ մեկու հետ։

Ծիծաղ — Հա, հա, հա, հա...

Բարոյական — Ինչո՞ւ կը խնդաս։

Ծիծաղ — Քահ, քահ, քահ, քահ...

Բարոյական — Ըսե՛, մեկտեղ խնդանք, ի՞նչ կա խնդալու։

Ծիծաղ — Բարոյական, դու մարդու առջև մի երևար, քեզի մատի վրա կ՚առնեն։

Բարոյական — Ի՞նչ ըսելու է հապա։

Ծիծաղ — Ո՜հ, խնդալեն արցունք եկավ աչերես... տղա ես, բարոյական, ատանկ փաստաբանություն կըլլա՞։

Բարոյական — Բայց գիտես, որ շատ խնդալեն չեմ ախորժիր ես։

Ծիծաղ — Ես ալ քիչ խնդալեն չեմ ախորժիր։

Բարոյական — Մնաք բարով ուրեմն։

Ծիծաղ — Մի՛ բարկանար, եղբայր։

Բարոյական — Լրջորեն ըսե ինձ, թե ինչպես պետք է իրավաբանել այս դատը։

Ծիծաղ — Նախ և առաջ մաքուր արտասանությամբ, բարձր և համակրական ձայնով, միջարկություններով և քիչ մալ արցունքով պիտի հայտնես, թե հակառակորդդ դանակի այնպիսի ուժգին հարված մը տվեր է պաշտպանյալիդ երեսին, որ խեղճն անմիջապես ինկեր մարեր է, կամ մարեր ինկեր է, և ներկա գտնվողներն հարյուր դույլ ջուր թափելով վրան և երկու հակ խանձած լաթ թխելով քթին՝ հազիվ կրցեր են խելքը գլուխը բերել. թե երեսին վրա գոյացեր է ուռեցք մը և կարմրություն մը, զորս անբուժելի և վտանդավոր կը տեսնեն բժիշկներն,— առանց հիվանդի բժիշկներ շատ կը գտնվին,—