Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շուն — Իրավ է, շատ ճջմարիտ է. ես կը խոստովանեմ, քեզի պես չեմ ուրանար։

Կրիա — Ես ալ կը խոստովանեի՝ եթե ճշմարիտ ըլլար։

Բարոյական — Կրիայեն կարմրեցեք գոնե, ո՛վ դուք, որ բարձրաթռիչ հեղինակներու մագիլներու շնորհիվ վայրկյան մը օդի մեջ բարձրանալե հետո անմիջապես վայր կիյնաք երբ մագիլներն թող տան զձեզ։ Կարմրեցեք դուք, որ ծաղկաբանություն ուսած եք և երկնային մարմիններու վրա ճառել կուզեք։ Ամաչեցե՛ք դուք, որ ճգնավոր եք և դիվանագիտության դասեր տալ կը փափադիք։ Ամենքդ ալ պարապ տեղ կաշխատիք. եք և պիտի մնաք այնպես, ինչպես որ եք իրոք։


ԴԻՄԱԿՆԵՐԸ

Ծիծաղ — Չեք կրնար երևակայել, թե որքան կը հարգեմ զձեզ, ավանակնե՛ր, ոչ միայն ձեր հանրածանոթ խոնարհության, համբերության և այլ գովելի հատկություններուն համար, այլ մասնավորապես այն անկեղծության համար, զոր ցույց կուտաք նույնիսկ կեղծավորության շաբթուն մեջ։ Ինչ որ բնական է՝ անկեղծ է, և ինչ որ անկեղծ է՝ ճշմարիտ է. և դուք, մեծարո ավանակնե՛ր, ճշմարտության քարոզող եք ձեր սահմանին մեջ։ Բնավ չեք հակառակիր ճշմարտության, և այս է պատճառ, որ իրարու մեջ վեճ և գժտություն չեք ունենար, հանուն կարծյաց ազատության իրարու կից չեք տար, և հասկնալու պետք չունիք, թե ի՛նչ կը նշանակեն փաստաբանություն, դրամ, իրավագիտություն, դրամ, աղերսագիր, դրամ, արձանագրություն, դրամ, բողոք, դրամ, պայմանաժամ, դրամ, և դատական միլիոնավոր բառեր, զորս ուսանիլ ստիպված է մարդ մորն արգանդին մեջ։ Դուք իրարու վրա վստահություն ունիք, և երբ ձեզմե մեկն յուր ընկերներեն փոխառություն մը ընե՝ ընկալագիր տալու պարտականություն չունի, ինչպես նաև ուրիշի մը ընկերությամբ եթե վաճառականության սկսի՝ պայմանագրեր կնքելու, երաշխավորներ ցույց տալու հարկին մեջ չգտնվիր։

Ավանակ — Ամենաբարձը շնորհակալություններս կը