Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըլլար՝ շատախոսի դիմակով կը ծածկեր դեմքը։ Այս սովորությունն կամաց կամաց թատերաբեմերեն ելնելով՝ Ժոդովրդյան մեջ տարածվեցավ։ Աս ալ առջի բերան բարեկենդանի շաբթուն մեջ գործածել սկսավ դիմակն, բայց հետզհետե առաջ երթալով՝ այժմ սկսած է ամեն օր գործածել։

Ավանակ — Ամեն օր շինծու դիմա՞կ կանցունեն իրենց

Ծիծաղ — Այո, բայց ամեն օր գործածված դիմակներն ոչ փայտյա են, ոչ թղթյա և ոչ թավշյա, այլ կազեղեն են, այնպես որ առաջին անգամ տեսնելուդ կը կարծես, թե դիմացինդ անդիմակ է, բայց երկու ժամ հետո կը համոզվիս, թե դիմակավոր է։

Ավանակ — Ժողովուրդն ալ միշտ կեղծավորի, ագահի, իմաստակի և շատախոսի դիմա՞կ կը դնե։

Ծիծաղ — Չէ, ընդհակառակն, անկեղծ, առատաձեռն իաստուն և սակավախոս ձևանալ կուզե, դերասանի մը պես, որ անոթութենե բերանը կը հոտի և Կրեսոսի դեր կը կատարե։

Ավանակ — Ներեցե՛ք, չհասկցա, գիտեք արդեն, որ մենք շատ նրբամիտ չենք, ուստի հաճեցեք օրինակով մը բացատրել ինձ ձեր միտքը։

Ծիծաղ — Դիմակավոր կըսվի այն էակներուն, որ կը փափագին ձևանալ ինչ որ չեն. օրինակի համար, այսինչ էակն թե հիմարություն է փառասիրությունն ինչ որ է իրոք։ Ուրիշ մը բարձրանալ կուզե և բարձրանալու նպատակով միայն խոնարհություն կընե, և այս պարագային մեջ չտարբերիր այն քսակահատներեն, որ իրենց քսակեն դրամ կը ձգեն գետինը, որպեսզի ուրիշ մը գետնեն առնե զայն, և հետո առնողին վրա հարձակին «Այդ դրամն մերն է» ըսելով, և ալ առնելով փախչին։ Ուրիշ մը տգեղ աղջկան մը հազար ու մեկ հարգանքներ կընե, և անորմե բաժնվելուն պես՝ կերթա անոր տգեղություններն ուրիշ աղջիկի մը պատմել։ Մեկը քեզմե չախորժիր, և թերևս չախորժելու իրավունք ալ ունի, գաղտնապես բոլոր ուժովն կաշխատի զքեզ շահեդ զրկել, կարծելով, թե այս է անաչառ գրիչներն ոչնչացնելու ամենեն դյուրին և կարճ ճամբան, իսկ երբ