Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհավատարիմ ամուսնություններուն մեջ էրիկը հաճոյից տասանորդը միայն կառնե։

Համոզվիլ թե դաստիարակության շնորհիվ երիտասարդ մը պարի մեջ աղջկան մը ձեռքը բռնած միջոցին բան մը չպիտի զգա, կարծել է, թե կրթությունն կարող է բնական օրենքն հիմն ի վեր տապալել։ Քաղաքավարությունն մեր զգացումները ծածկելէ անգին չկրնար անցնիլ։

Ամուսնությունն այսօր բոլորովին առևտուրի կարգ անցած է. աղջիկներն ալ ազնիվ մարդեն ավելի ազնիվ ստակ կը փնտրեն։

Առավոտե մինչև երեկո պատուհանի առջև նստող կիներն պարտեզի մը պատին առջև տնկված ծառեր են, ամեն անցնողն բան մը փրցունել կը փափագի։

Սերն անանկ մանուկ մէ, որ խենթ է, կույր է, փոփոխամիտ է, հաստատամիտ է, գթասիրտ է, բարբարոս է, շողոքորթ է, անաչառ է, հրամմեցեք պարոն մանկավարժներ, դաստիարակեցե՛ք տեսնեմ այս տղան։


ԿԱՐԵՎՈՐ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՄԸ

Անկեղծ բժիշկ մը՝ որ յուր ուսումն նոր ավարտած է և շատ հիվանդություններ բժշկած է բժշկական գրքերու մեջ՝ պատիվ ունի ծանուցանել արգո կենդանիներուն, թե պատրաստ է իրեն դիմող հիվանդներն խնամել և քանի մը օրվան մեջ մեռցունել։ Կը խոստանա նաև ձրիաբար անդիի աշխարհ ղրկել իրեն ներկայացող աղքատ հիվանդները։ Սույն նորնծան կը հայտնե նաև, թե հիվանդ շեղողներն ալ գերեզման ուղարկելու մասնագիտությունն ունի։ Վերջապես Հիպոկրատի ուսումնավարտ աշակերտն յուր ծանուցումեն կուզե եզրակացնել, թե շատ անվայել բան մէ անձնասպանության դիմել, քանի որ անկարող բժիշկներ կան ու կը մնան։