Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անարգ էրիկները տան պատիվն կարասիքի պես կը համարին, կը վաճառեն զայն, երբ չքավորության մեջ իյնան։

Կիներն ավելի հագուստով կը սնանին, քան թե հացով, իրենց բերանն իրենց կռնակն է, և շատ անգամ նախամեծար կը համարին սեղանին վրա գլխարկ մը տեսնել, քան թե պիֆթեք մը, լավանտայ քան թե Պորտոյի գինի:

Երբ աղջիկ մը՝ մանավանդ տգեղն՝ չհանդգնի իրեն համար բացե ի բաց աղվոր ըսել «Այս ինչ մարդուն կնիկն որչափ նախանձոտ է եղեր» կըսե, հասկցնելու համար, թե այդ կնկան էրիկն իրեն նայած է։


ՄԱՀ ԵՎ ԾԻԾԱՂ

Մահ — Դո՞ւք եք Ծիծաղ շունն։

Ծիծաղ — Այո՛, ձեր ամենախոնարհ ծառան, Ծիծաղ շունն ես եմ։

Մահ — Մո՛տ եկուր, քեզի հետ քիչ մը գործ ունիմ։

Ծիծաղ — Բայց ո՞վ եք դուք և ի՞նչ իրավունքով այդպիսի հրամայական եղանակով կը վարվիք հետս։

Մահ — Ես Մահն եմ։

Ծիծաղ — Որո՞ւ կողմեն ղրկված եք, առյուծի՞ն թե...

Մահ — Ո՛չ, ո՛չ, և ոչ մեկու մը կողմե առաքված եմ։

Ծիծաղ — Լավ, ի՞նչ գործ ունիք ինձի հետ, զիս մահացնե՞լ կուզեր։

Մահ — Զձեզ մահացնե՞լ... դո՞ւք ալ այդ կարծիքն ո՞ւնիք... ես ոչ զոք մեռցուցած եմ և կը մեռցնեմ, և սակայն բոլոր բանավորներե հարձակում կրած եմ և կը կրեմ, նույնիսկ այս կետին նկատմամբ կուզեմ ձեզի հետ խոսիլ։

Ծիծաղ — Խոսեցեք, բայց ջանացեք, որ ձեր խոսքերն կարելի եղածին չափ համառոտ ըլլան և ութը բունթո տառերով յոթն ու կես սյունակ չգրավեն։

Մահ — Տպագրական գործերեն տեղեկություն չունիմ, հետևապես, չեմ կրնար գուշակել, թե որքան սյունակ կարող են խոսքերս պարունակել։