Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյամբ մեջք ունենալ կը փափագի, պարկի մը մեջ հարյուր օխա հարդ լցնելով զայն մեջքը կանցունե և հետո երկաթյա քորսեով մամլո տակ կը դնե յուր մեջքն ու կուրծքն, որպեսզի ձևավոր և գեր երևա և նիհարության պատճառավ չզրկվի ամուսին մը ունենալե։ Ինչո՞ւ համար բժիշկներուն չեն լսեր, կանխավ չեն զգուշանար և կուրծքի հիվանդություն մը ստանալուն պես կսկսին զիս վատահամբավել։ Իսկ ես համբերելով բերանս չեմ բանար...

Ծիծաղ — Բժիշկները կըսեն սակայն, թե քորսեն է պատճառ։

Մահ — Ողջ ըլլան, կըսեն, բայց ի՞նչ օգուտ ունի, հուղարկավորության ծանուցումին մեջ չեն ըսեր թե «Անագորույն քորսեն հափշտակեց մեր ձեռքեն», այլ մահն է, որ կապտակվի։

Ծիծաղ — Իրավունք ունիք։

Մահ — Ո՞վ չգիտեր, թե ոգելից ըմպելիքներն կը կարճեցնեն կյանքը, և ահա գինեմոլն, որ գիշեր ցերեկ գինետուններու մեջ կանցունե յուր կյանքը, իրեն համար ժամանակացույց մը շինած է, որուն կը հետևի ամեն ճշտությամբ, «Մեկեն մինչև չորս օղի խմել, չորսեն մինչև չորս ու կես փողոցեն անցնողներուն հայհոյել, չորսուկեսեն մինչև վեց քոնյաք խմել, վեցեն մինչև յոթն քնանալ, յոթնեն մինչև ութը գինի խմել, ութեն մինչև տասներկու նորեն օղի խմել»։ Շատ անգամ գիշերներն ալ կը գործադրե յուր ժամանակացույցը և չտեսներ յուր զավակներն, որոնց թիվն է յոթը։ Օրին մեկը ճաթելու չափ կը խմե և տուն կերթա կը պառկի, բարեկամին մեկը կուգա զինքն տեսնելու. — «Անցած ըլլա, բարեկամ,— Թող տուր, եղբայր, ամեն դժբախտություն իմ վրաս կուգա,— Հոգ մըներ, կանցնի,— Արդեն հազիվ կրնայի օրականս ճարել և հիմա, որ անկողնո մեջ եմ, չգիտեմ թե ինչ ընեմ, ինձի պես խեղճ մարդուն գլխուն գալո՞ւ էր այս հիվանդությունը... ի՞նչ պիտի ընենք... պիտի քաշենք... աղքատը ե՞րբ խնդացեր է... մեկը չունիմ, որ օգնե էոհեո... էոհեո... վայ կուրծքս... էոհեո... վայ կռնակս... էոհեո... վայ ոտքս... էոհեո... վայ ձեռքս... զավակներս անոթի են, եթե կինս ողջ ըլլար՝ ան ալ անոթի պիտի մնար, աղեկ որ մեռեր է...—