Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեղագրեր իրարու կը հաջորդեն։ Հիվանդությունն անխախտ կեցած է յուր տեղը։ Հիվանդը ախտին և դարմանին մեջ կերերա ու կը տատանի, բայց վերջապես կը հնազանդի հիվանդության և աչերն կը գոցե և կերթա դեպի հավիտենականություն... դեպի առավել քան զհավիտենականություն... դեպի անհավիտենականություն... ես հանցանք ունիմ այս գործին մեջ. բնավ երբեք, բայց որպեսզի հաստատվի, թե անմեղներն շատ անգամ կը հարվածվին՝ կսկսին ինձի դեմ հայհոյել և ըսել խայտառակ մահն ի դերև հանեց բժիշկներուն բոլոր ջանքերն։ Բնավ չեն ըսեր, թե անգութ կը սիրեմ զք՜եզն դեմ դրավ ամեն դեղահատերուն, գրեխներուն և տզրուկներուն, ոչ թե միայն չեն ըսեր, այլ նաև կը սիրեմ զքեզի վրա տաղեր կը քերթեն։ Ինչո՞ւ չեն ուզեր ճշմարտությունը սիրել:

Ծիծաղ — Իրավունք ունիք:

Մահ — Ոմանք ալ իրենց հիվանդությունն հասկնալու համար պակլա բանալ կուտան և պակլային ցույց տված նշաններեն ախտն հասկնալեն հետո կսկսին դարմանել զայն համրիչով և հորանջումով, և հիվանդն մեռնելեն ետքը բժիշկ կը կանչեն։ Որո՞ւ է հանցանքն, միշտ մահվան է։

Ծիծաղ — Այնպես է։

Ման — Հապա այն ախտերն, որք կանվանին ագահություն, նախանձ, սնափառություն, հպարտություն, ոխ, ատելություն, դյուրազգածություն, համբավո տենչ, որքան հարված կուտան, գիտէ՞ք, այսուամենայնիվ ասոնց և ոչ միույն վրա պատասխանատվություն կը ծանրանա, հանցավորն միշտ ես եմ, չմեռա, որ ինքզինքս ազատեի։

Ծիծաղ — Իրավ, ո՛վ Մահ, բնավ չես մեռնիք դուն։

Մահ — Ոմանք ալ արդեն ի բնե նիհար ըլլալով՝ առանց բժիշկներե խորհուրդ հարցնելու կամուսնանան, առանց խորհելու, թե ախտերով ծանրաբեռնյալ էակներու գոյություն պիտի տան։ Սովորություն է բժիշկներու քննության բովեն անցունել զինվորներն, որպեսզի անոնց առողջության վիճակն հասկցվի, ինչո՞ւ կարգվողներուն համար չեն գործադրեր այս օրենքը, միթե ամուսնությունն ալ պատերազմ չէ՞... բայց ո՞վ