Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պիտի խորհի այս կետերը, կը կարգվին, կը մեռնին և հետո մահը պատճառ կը բռնեն։

Ծիծաղ — Այդպես է։

Մահ — Կարծեմ խոսքս երկարեցի, բայց «այնպես է» ըսելով չմնար, հարկ անհրաժեշտ է, որ պաշտպանեք զիս։

Ծիծաղ — Կը խոստանամ։

Մահ — Շնորհակալ եմ, մնաք բարով, երթամ, որովհետև ուշ մնացի։

Ծիծաղ — Ո՞ւր պիտի երթաք։

Մահ — Համբավ մը կա մեռնելու վրա, զիս կանչեր է, անկե պիտի երթամ հիվանդ պատվո մը, անկե թիֆոյեն բռնված դասագիրքի մը պիտի հանդիպիմ, անկե պիտի ելնեմ և տկար բժշկի հանձնված աղքատի մը պիտի երթամ, շատ տեղեր ալ պիտի երթամ, բայց չեմ կրնար ըսել, այո, պիտի երթամ, բայց հակառակ իմ կամացս, իմ խղճիս և իմ սրտիս, բայց ի՞նչ ընեմ, բռնությամբ կը տանին զիս, պետք է երթալ... ա՜հ... չգիտեք, թե որքան զգայուն սիրտ մը կը կրեմ... Մնաք բարով, դուք ալ հրամմեցեք օր մը մեզի, Ծիծաղ։

Ծիծաղ — Տեսնենք, ըսել է թե դուք ոչ միայն այցելություն կուտաք այլ այցելություն ալ կընդունիք։

Մահ — Ի՞նչ ըսել է, և ի՞նչ են անձնասպաններն, ողջ ըլլան անձնասպաններն, որ ինձի հարված չեն տար։

Ծիծաղ — Բայց ոչ ապաքեն բանավորներուն մեծագույն մասն անձնասպան է ըստ ձեր կարծյաց։

Մահ — Այսպես է, բայց րեվոլվերով ինքզինք սպաննելն ուրիշ ազդեցություն ունի, քորսեովն ուրիշ, թույնով թունավորվիլն և օղիով թունավորվիլն տարբեր կերպով կը հասկցվին ժողովրդեն։ Ամենքը կը խնդան, եթե օր մը ըսես, թե այսինչն երեկ իրիկուն պրինի տակ մնաց և երկուքի բաժնվեցավ։ Բայց ուշ մնացի, մնաք բարով։

Ծիծաղ — Երթաք բարով։

Բարոյական — Այս առակն կիմացունե, թե շատեր իրենց թշվառության, կործանման և մահվան պատճառ կլլան և ուրիշներուն վրա կը բեռնավորին հանցանքը։