Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՀԱՂԹ, ԱՔԻԼԼԵՍ ԵՎ ԾԻԾԱՂ

Աքիլլես — Քուքուլիկկու...

Անհաղթ — Քոքըրիկօօօօօօօօօօօ...

Ծիծաղ — Լմնցուր, որ ես ալ խոսիմ. ո՞րքան երկար կը խոսիս, երեսփոխանական նիստերուն շատ ներկա գտնվեր ես, կարծեմ։

Անհաղթ — Հաղթանակ տանողին աղոթքը քիչ մը երկար կը տևե։

Աքիլլես — Քուքուլիկկու...

Ծիծաղ — Բայց դուք երկուքդ միանգամայն կը խոսիք, մինչդեռ օրենքը հաղթող աքաղաղին կուտա խոսելու իրավունքը։

Աքիլլես — Ես հաղթեցի։

Անհաղթ — Ես հաղթեցի։

Ծիծաղ — Իրավունք ունիք, եթե հույն թերթերուն հավատանք՝ Աքիլլես հաղթող է, եթե հայ թերթերուն հավատք ընծայենք՝ Անհաղթը հաղթող հանդիսացած է, իսկ եթե երկուքին ալ հավատանք, երկուքդ ալ հաղթանակ տարած եք։ Այսու ամենայնիվ կռիվ ընելու հարկ չկա. ես կարող եմ ձեր յուրաքանչյուրին ուժը կշռել և ըստ այնմ վճռել։

Աքիլլես — Սակայն կրնա՞ս վստահեցնել զիս, որ անաչառությամբ պիտի դատես։

Անհաղթ — Ի՞նչպես վստահ ըլլամ քու անաչառությանդ վրա։

Ծիծաղ — Գիտնալու եք, որ նախ դատը հրապարակավ պիտի կատարվի, երկրորդ՝ իրավունք կուտամ ձեզ ձեր կողմեն մեյմեկ փաստաբան կարգել եթե կուզեք։