Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անհաղթ — Տղա՜ ես, այդ թհթևությունն շատ ծանր է, ո՞վ կրնա տեղեն վերցնել զայն։

Ծիծաղ — Առյուծին բերնեն փախած հանդիմանություններն։

Անհաղթ — Կենդանիներու ժողովն անգամ չկրնար տանիլ զանոնք։

Ծիծաղ — Լավ, դու որ ինքզինքդ Անհաղթ կանվանես՝ կրցա՜ծ ես երբեք հաղթել քու տարեկան ծախուցդ։

Անհաղթ — Տարեկան ծախքը դարուս ամենահզոր ըմբիշն է, և ո՞վ կարող է հաղթել անոր։

Ծիծաղ — Մեկդի կեցիր ուրեմն դուն։ Մոտեցի՛ր, տեր Աքիլլես։ Դու որ Դամասիասի պես հաստաբազուկ և հաղթանդամ ես և ուժիդ շնորհիվ կրնաս, ինչպես կըսեն, ամենահաստատ շենքերն տապալել պատասխանե՝ ինձ, կրնա՞ս ազգերու մեջ տիրող ատելությունն տապալել։

Աքիլլես — Իմ զորութենես վեր է այն գործն։

Ծիծաղ — Տուներ կործանող թանկագին կերպասներն կարո՜ղ ես վերցնել։

Աքիլլես — Անհնար է։

Ծիծաղ — Իգական սեռի վրա երևցող շինծու զարդերն կրնա՞ս բառնալ։

Աքիլլես — Ծանրագույն է այդ:

Ծիծաղ — Տակառն ալ չես կրնար վերցնել։

Աքիլլես — Ուժս չբավեր։

Ծիծաղ — Շատ լավ։ Պաշտոնակցիդ քովը գնա՛, կայնե՛։ Կը տեսնեք ուրեմն, թե որքան տկար եք և որքան աննշան ուժի մը համար այնչափ աղմուկ հանիցիք հրապարակի վրա, երկու ազգերուն միտքերը գրգռեցիք, որոց մին գիշեր ցերեկ մոմ կը վառեր, որ Աքիլլես հաղթող ելնե և մյուսն տիկերով ձեթ կ՝սպառեր, որ Անհաղթը չհաղթվի, որպես թե երկու երեվելի մեծ հանճարներ իրարու հետ պիտի մրցեին։ Ժամանակավ բազկի զորությունն արդարև մեծ պատիվ կը գտներ, բայց այժմ զորությունն այն ատեն փառք կստանա, երբ ուղեղի մեջ կը բնակի։ Ձեր ուժն բոլորովին անպետ չեմ նկատեր, վասնզի անոր շնորհիվ ձեր նմաններեն նվազ այցեգին