Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կեսուրը — Ի՜նչ հոգ կընես կոր ծո տղա՛. թող երթա, ես քեզի աղվոր աղջիկ մը կը գտնամ, Չիլինկիրյանին ալ պսակ ընել կուտամ։

Փեսան — Ատամ, վաղ անցեք, պե՛։

Հարսը՝ ներսեն — Չէ՛, իլլե պիտի երթամ։

Փեսան կամաց մը — Սողոմե տուտու, ատամ, սըվոր քովը գնա տե թող մի տար որ երթա։

Կեսուրը — Ո՜վ ձեռքեդ բռներ է, գնա։

Փեսան — Տուտո՛ւ, վազ անցիր կ՝ըսեմ կոր քեզի։

Սուրբիկը — Ճեհեննեմին տակը գնա, ան խլավուզին ճիտը տակը մնա, որ իմ աղբարս էրեց։

Փեսան — Սուս եղի կ՚ըսեմ կոր քա Սուրբի՛կ։

Հարսնևորներեն մեկ քանին — Հոգի, Փերուզիկ հանըմ, տեղդ նստե, ամոթ է նե՜։

Հարսը — Չէ՛, պիտի երթամ։

Փեսան սենյակին դռանը առջև կուգա — Քա Փերուզիկ, ձայնդ վար քաշե տե տեղդ նստե։

Սուրբիկը— Ո՜ւր պիտի նստի, թող երթա։

Փեսան — Քա Սուրբի՛կ քեզի չըսի, որ սուս եղիր տեյի։

Հարսը — Սա նայե, աս տունին. մեծը ադ Սուրբիկ հանըմն է եղեր, նայե, անիկա հրաման կընե կոր որ երթա տեյի։

Փեսան — Քա, սա տունին մեծը ես եմ. ես քեզի նստե կ՚ըսեմ կոր։

Հարսը — Չէ՛, իլլե պիտի երթամ։

Փեսան սենյակեն ներս մտավ, գնաց հարսին ձեռքեն պոթինները քաշեց առավ ու մեկդի նետեց։

— Տեղդ նստե կըսեմ կոր քեզի։

Հարսը — Ո՜ւր պիտի նստիմ. Աստված չընե. երկու երես թուղթի համար խաթրս կոտրեցիր, աս չափ խոսք լսել տվիր ու հիմա ալ նստե կըսես։

Փեսան դռանը առջև գնաց ու դեպի դուրս քրոջը պոռաց, հերիք եղավ քա՛, հիմա քովղ կուգամ քու... ներս եկավ ու հարսին ըսավ. պե ճանըմ ես քեզի չեմ առներ չըսի. գործ ունիմ վաղը ըլլա ըսի, ի՞նչ կըլլա եղեր։

Հարսնքույրը հարսին ականջն ի վար — նայե որ թելը չփրցնես։

Հարսը կամաց մը հարսնքույրին — դուն հոգ մ՚ըներ — փեսին — խըյանեթ, ի՞նչ կըլլա, ասօր կառնեմ ինչու չես ըսեր։