Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարսը — Դո՞ւք ինչ արժանի էիք ինձի պես ուսումնական հարս մը ունենալու։


Կեսուրը — Բարով, խերով դեմերնիս չելլայիր։

Հարսը — Դուք իմ դեմս չելլայիք։

Սուրբիկը — Ըհ, էյեր ամեն ուսումնական աղջիկ ալ քեզի պես պիտի ըլլան նե՝ կռողը տեսնա երեսնին։

Հարսը — Քու երեսդ կռողը տեսնա, որի կըսես կոր։

Հարսնևորները այս ձայներեն վեր վազելով, որ մեկը հարսին որ մեկը կեսուրոջը, որ մեկը կեսուրոջը, որ մեկը տալոջը:

Սուրբիկը — Սա նայե, նոր հարս պիտի ըլլա։

Հարսը — Դուն քեզի ըսե չամնչցած, աղջիկ տղա պիտի ըլլաս։

Փեսան — Քա դուն ո՞վ կըլլաս կոր իմ քրոջս ատանկ բան կըսես կոր։

Հարսնևորներեն երկուքը հարսին քովը գացին, թևերեն քաշելով իր սենյակը տանիլ կուզեին, հարսը ասոնք հրելուն պես երկուքն ալ ինկան։

Մեկը մյուսին կըսե — Քա ան ինչ ուժ ունի եղեր։

Մյուսը — Ասիկա էրիկն ալ պիտի ծեծե։

Փեսան — Քա, ճեհեննեմ եղիր դա օտադ մտիր։

Հարսը — Ես ճեհեննեմ կըլլամ ամա, մորս տունը կերթամ։

Սուրբիկը — Երթաս բարով, քար մըն ալ ետևեդ։

Կեսուրը — Երթալդ ըլլա, գալդ չըլլա։

Փեսան — Բարով խերով չըգայիր։

Հարսը — Յա, ադա՞նկ է մի, էյ, իշտե ես կերթամ կոր։

Աս ըսելով հարսը իր սենյակը մտավ, հարսնքույրն ալ, որ մինչև այն ատեն լուռ ու մունջ կեցեր էր, ետևեն գնաց ու կամաց մը ըսավ, քա իրա՞վ պիտի երթաս։

Հարսը — Դուն համբերե ըսավ ու սկսավ հագվիլ։

Հարնեորներեն երկուքը սենյակ մտան ու սկսան զինքը աղաչել որ չերթա։

Հարսը — Չէ՛, անպատճառ պիտի երթամ։

Սուրբիկը՝ դուրսեն — Թող տվեք քա՛, թող երթա։

Փեսան՝ քրոջը — Սուս եղիր քա, հեմ կռիվը խըզըշթըրմիշ ըրիք, հեմ ալ հիմա թող երթա կըսեք։