Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՓԵՍԱՆ

Մենք գիտեինք, որ կարգվելիք երիտասարդները աղջկանց հետ նախ պիտի տեսնվեին անոնց բնավորությունը հասկնալու համար, և թե որ հավնեին հետերնին պիտի կարգվեին, եթե չհավնեին պիտի ձգեին, և ասանկով ամուսնության կապը շղթայով պիտի ամրապնդեին։

Վերջերս աս սովորությունն ալ սկսեր է պարիթ ըլլալ, հիմա ալ սկսեր են աղջկան մը հետ պսակվիլ անոր բնավորությունը սորվելու համար, և թե որ հավնելու չըլլան, կառնեն, կը քալեն եղեր։

Հայ մըսթըրի մը պատմությունը ըսածս լիովին կը հաստատե։

Համառոտիվ պատմեմ, մտիկ ըրեք։

Անգղիո մեջ վաճառականությամբ զբաղող հայ մըսթըր մը, օր մը վաճառատունը նստած ատեն մեկեն ի մեկ կարգվիլը միտքը կուգա. տետրակները շուտ գրասեղանին մեջը կը դնե, ոտքի ամանները կը հագնի, և այնչափ աճապարանոք դուրս կ՚ելնե վաճառատունեն, որ գրասեղանին բալլիքը առնելու կը մոռնա։ Վաճառատունեն կելնե վաղելով հևալով շոգենավ մը կը մտնե և ամիսե մը Պոլիս կուգա։

Տուն մտնելուն պես՝ ծնողքը ուրախութենե ինչ ընելիքնին չգիտնալով վար կը վազեն, որ զավակնին գրկեն ու համբուրեն, բայց կըսվի, թե մըսթրրը սեմեն ներս ոտք կոխելուն պես, առջի խոսքը, որ բերնեն հաներ է, աս է եղեր։

— Շուտ կնիկ մը կուզեմ, գործ ունիմ, պիտի երթամ։

— Ասչափ աճելե՞ է։

— Այո՛, աճելե է, շուտ կնիկ մը գտեք ինձի, զերե բալլիքն ալ վրան մոռցեր ենք։

Աս ըսելեն ետքը մըսթըրը առանց վրան գլուխը փոխելու տունեն դուրս կ՚ելնե և բարեկամի հետ կ՚սկսի աղջիկտես պտըտիլ։