Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԱՐԾԻՔ

Ասիկա աշխարհի թագուհին է, զոր ամեն մարդ անգամ մը գրկելեն վերջն ալ ուր, երբ և ինչ կերպարանքով որ տեսնեն, դարձյալ անոր վիզը կը փաթտվին և կը համբուրեն։

Հիշյալ թագուհին իրեն եղած ընդունելությամբ արբշիռ, վերտին ատեններս մեր ազգին մեջ սկսավ ամեն օր երևիլ և ամեն տեղ երևիլ։ Դեռ առջի օրը հինգ հատ հայ պատանիներ գինետան մեջ ոտքի վերա կեցած, և ինչ խմելիքնուն վրա չվարած, «Օղի թե գինի խմելու էնին վրա հասարակաց կարծիքը կը փնտրեին։

Ուրիշ ազգերը կնճռալի խնդիրներ լուծելու համար կը դիմեն այս թագուհվույն, մենք ալ լուծյալ խնդիրները կապելու համար կը դիմենք իրեն։ Սակայն թողունք ասոնք և դառնանք մեր ազգայիններու ներկայացնել այս թագուհին, ինչ կերպարանքով որ տեսանք զինք հայկական ընկերությանց մեջ։

Ինչ որ ալ ըլլա հիշյալ թագուհին, որքան գեղեցիկ ալ ըլլաք որքան պաշտելի ալ ըլլա, մենք զինք միշտ անիրավ և ուժով տեսանք, ավելի խենթ, քան թե խոհեմ տեսանք, հետևապես իր վրա խնդացինք և կը խնդանք։

Գարնան գեղեցիկ օր մ’է, կուզես նույն գիշերը Վոսփոր երթալ և մեկ բարեկամիդ տունը անցունել։ Շուտով կը կարգադրես գործերդ, եթե ունիս, աճապարանոք շոգենավ կերթաս և Վոսփոր կելնես (սակայն չմոռնանք ըսելու, որ անդիի ծայր անոթի ես. ենթադրենք նաև թե ստակ ալ չունիս) ուրիշ բարեկամի մը կը հանդիպիս։ Աս բարեկամդ քեզի ազգային խնդիր մը կը բանա, որ երկու ժամ կը տևե. ինչ որ է, ժամը երեքին հազիվ կրնաս ձեռքեն խալսիլ և վազելով առջի բարեկամիդ տունը կուգաս. անոնք ալ մինչև ժամը երկուք քեղ սպասելեն վերջը կերակուրնին կուտեն։ Շուտով վեր կելնես, տան տիկինը շատ ցավ կը հայտնե քեզի հետ ճաշելու ուրախությունն չկրնալ ունենալուն համար։ Դուն ալ գլխուդ եկածը