Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երիտասարդ մը սիրելը դյուրի՞ն բան է։

— Առաջ դուն սիրեցիր զիս։

— Դուն պատճառ եղար, որ սիրեմ զքեզ։

— Ես պատճառ չեղա, ես զքեզ չսիրեցի:

— Ես ալ զքեզ չեմ սիրեր ասկե վերջը։

— Թե որ հետս միշտ ասանկ պիտի վարվիս նե հիմակվնե բաժնվիլնիս ավելի աղեկ կըլլա։

— Ես ալ չեմ բաժնվիր չեմ ըսեր կոր ա՛. քեզի պես կռվասեր աղջկան մը հետ նշանվիմ և կարգվիմ նե՝ չէ՞ մի որ ամեն գիշեր կռիվ պիտի ընենք և մեր ըլլալիք զավակներուն առջև խաղք ու խայտառակ պիտի ըլլանք, և անոնց ալ գեշ օրինակ պիտի տանք։

— Ես ալ քեզի համար չեմ մեռնիր կոր ա՛։

— Ես ալ քեզի համար չեմ ապրիր կոր ա՛։

— Երիտասարդաց սով չկա յա՛, ուզած երիտասարդս կառնեմ:

— Ես ալ ուզած աղջիկս կառնեմ։

— Ուզած աղջիկդ կ՚առնես հա՞ա... գնա՛ ուրեմն, մեյ մալ իմ անունս բերանդ չպիտի առնես։

— Կերթամ, բայց ես այնչափ ծախս ըրի, ֆիստան առի, պոթին առի, անոնք կ՝ուզեմ։

— Անոնց ամենն ալ հիմա կուտամ. ափսոս որ ինձի պես ազնիվ սիրտ ունեցող աղջկան մը արժեքը չճանչցար։ Ա՛ռ տված ֆիստանդ, ա՛ռ տված պոթինդ, ա՛ռ վերջապես բոլոր տվածներդ... (Աչացը մեջ շինծու արցունք մը)

— Քեզի տո՛ւր ըսո՞ղ կա։

— Զիս այսչափ նախատելեդ ետքը...

— Առաջ դուն ըսիր:

— Ես բան մը չըսի:

— Ի՞նչ հանցանք ունիմ ես։

— Ես որ այնչափ սիրտ տված էի քեզի...

— Ես որ գիշերները չէի քնանար...

— Ես որ քեզի համար մեռնիլը աչքս առեր էի...

— Ես որ քուկին պոթիններդ ձեռքս առեր էի...

— Ասանկ մեկեն ի մեկ զիս նախատել...

— Ես քեզի ի՞նչ ըսի որ...

— Դուն որո՞ւ աղջիկը կարծեցիր զիս...

— Դուն որո՞ւ տղան կարծեցիր զիս, քեզի դերի չպիտի ըլլայի յա՛, մինչև հիմա չէի ուզած, բայց հիմա կուզեմ, այո կուզեմ բոլոր տվածներս, ամենն ալ տուր։