Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ա՛ռ, խաբեբա, ա՛ռ, սիրադրուժ, առ սա ֆիստանն ալ և գերեզմանիս վրա փռե՛ ու... հի հի հի (Կուլա)

— Ինչո՞ւ կուտաս կոր, քեզի տուր ըսող կա՞։ Ես տվածս չեմ առներ, և կ՝ուզեմ, որ դուն ալ առածդ չտաս։ Ո՜հ (Ծունկի վրա) ներե՛ ինձ օրիորդ։

— Ի՞նչ հանցանք գործեցիր որ ներեմ, բոլոր հանցանքը իմս է։

— Դուն ի՞նչ ըրիր, որ առաջ ես պառճառ եղա։

— Դուն ինչո՞ւ պատճառ պիտի ըլլաս, իմ գետնին տակը անցնելիք բնավորությունս է որ...

— Իմին անխոհեմ ընթացքս է որ...

— Մոռնանք քիչ մը առաջ եղածները ու չեղածի պես սեպենք։

— էհ, մնաք բարով օրիորդ:

— Երթաք բարով։

— Ե՞րբ գամ։

— Վաղը իրիկուն, գալու ատենդ հետդ թոփ մը հասա, երկու թոփ ալ պասմա բեր։


ԳԼՈԻԽ Զ

— Օրիորդ, կը ցավիմ, որ ձեր ապսպրած հասան ու պասման առնելու մոռցա։

— Մոռցար նե՝ ես ալ հետդ խոսելու մոռցա, մնաք բարով։

— Օրիորդ, ամեն անգամ, որ քեզի տեսնելու կուգամ նե՝ միշտ հետս բա՞ն մը բերելու եմ։

— Ի՞նչ կարծեցիր հապա...։

— Ըսել է, որ մինակ գալու չգար հոս, կամ հասա կամ պասմա կամ տանթելա և կամ ուրիշ բան մը հետս առնելով այնպես գալու եմ։

— Հարկավ։ Մնաք բարով։

— Ո՞ւր կ՝երթաս կոր, կեցիր քիչ մը խոսինք։

— Ի՞նչ պիտի խոսիմ։ Մնաք բարով։

— Կաղաչեմ, կեցի՛ր քիչ մը։

— Մնաք բարով։

— Զարմանալի բա՜ն, սիրուհի մը ունենալը թևին տակը միշտ բան մը ունենալ ըսել է եղեր։

— Կամաց կամաց այն բանը արարած մը կըլլա և անոր ալ սիրուհի կ՝ըսեն։ Մնաք բարով։

— Վաղը բերեմ չըլլա՞ր։