Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրիորդք կուրծքերնին բացին, երիտասարդներն ալ բանաք սկսան:

Օրիորդները մադերնին սանտրած ատեննին գլխունուն մեջտեղեն մազերնին կը ճեղեին, իսկ երիտասարդները մեկ կողմեն միայն, հիմա ասոնք ալ մեջտեղեն կը ճեղեին կոր։

Զերկնցնենք, ուրիշ հազարավոր կետերու մեջ երիտասարդք օրիորդաց և օրիորդք ալ երիտասարդաց համաձայնելէ ետքը, օրիորդք ավելի հառաջադեմ գտնվելով քթերնուն տակեն պրասայի թելերուն պես պեխեր թողուլ սկսան, հիմա կը լսենք, որ խել մը օրիորդներ զարմանալի ճարտարությամբ երկրագործության այս ճյուղը մշակելու ետևե ընկած են, օդերը աղեկ երթան նե կը հուսանք, որ Աստուծով հառաջիկա տարին առատ հունձք պիտի տան։

Արական սեռին անպատվություն էր, որ օրիորդները մոտայի մեջ ասանկ նշանավոր գյուտեր ընեին և իրենք անոնցմե վար մնային, ասիկա իրավ ամոթ էր։

Ուստի հառաջադեմ երիտասարդներեն մեկ քանին անցյալները ժողովք կազմեր ինչ են ըրեր, նոր մոտա մը հնարեր են. որոշեր են, որ կանանց վրա հաղթության դրոշակ մը կանգնելու համար, իբրև սիվիլիզե երիտասարդներ, պեխերնին ածիլեն, որպեսզի օրիորդները իրենց չնմանին և միայն իրենք անոնց նմանին։

Այս լուսավորյալ պարոններեն հինգ հատի չափ տեսա այս շաբթու, ասոնցմե երկուքր ինձ ծանոթ էին, մանավանդ մեկը, որուն մինչև անգամ համարձակեցա պեխերը ածիլել տալուն պատճառը հարցնելու։ Երիտասարդը առանց կարմրելու խոստովանեցավ Ֆռանյման, ինչպես կըսե Իզմ էֆենտիմ, թե ասիկա նոր մոտա մըն էր, հին գրության վրա շատ առավելություններ կը ներկայացներ, և փափագ հայտնեց, որ ամբողջ հայ երիտասարդությունը այս մոտային հետևի։

Ի՞նչ կըսես ասոր, ընթերցող, հարկավ դուն ալ ինձի պես պեխ ունեցող մանչ աղջիկներ շատ տեսած ես (ականջը խոսի Աղեքսանդը Տյումայի որդվույն) հարկավ մուռերս նոր մոտա անպեխ աղջիկ-մանչեր ալ տեսար կամ պիտի տեսնաս, եթե ինձի պես անդին ասդին կը պարտիս ու հետաքրքիր ես արական ու իգական սեռերու վիճակին։

Զարմանալին այն է, որ այս նոր մոտային հետևող կամ բոլորովին կնոջ նմանիլ ուզող երիտասարդ մը պարտավոր պիտի ըլլա գեթ շաբաթը երեք անգամ պեխերը սափրիչին ածիլել տալու, եթե տանը մեջ ինքնիրենը կածիլվի՝ առտվնե մինչև իրիկուն հայելիին