Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆԱՄԱԿԱՆԻ

Պարո՛ն

Իրավցնե թեթև ես եղեր դուն։ Ուրիշներր կըսեին նե՝ ես չէի հավատար. հիմա ես կըսեմ նե՝ թերևս ուրիշները չհավտան, բայց դուն հավատա որ թեթև ես։

Նամակդ կարդացի նե՝ զարմացա մնացի. ես քեզ տղա կը կարծեի և դուն հայր ես եղեր։

Խիստ կանուխ կարգված ըլլալուդ վրա զղջացեր՝ որոշեր ես ինքզինքդ ծովը նետել, և ինձի ալ կաղաչես, որ դամբանական մը կարդամ։

Ինքզինքդ ծովը նետելու ըլլաս նե՝ ուշ կարգված կըլլաս։ Ո՞վ տվավ քեզի այս խրատը:

Կաղաչես, որ դամբանական մը կարդամ, ես դամբանական կրնա՞մ կարդալ, և ո՞ւր պիտի կարդամ այդ դամբանականը քանի որ ծովը նետվիլ որոշեր ես, ծո՞վին վրա գամ կարդամ։

Բայց ի՞նչ հարկ կա դամբանականի, ի՞նչ հարկ կա մեռնելու։

Անձնական ծախսդ այնչափ շատ է եղեր, անձնական վաստակդ այնչափ քիչ է եղեր, որ ոչ թե միայն ընտանյացդ այլ նաև քու պետքդ հոգալու անկարող ես եղեր։ Քաղաքականությունը կը պահանջե եղեր, որ երկու զույգ ձեռնոց ունենաս ամեն օրվան համար և զույգ մալ հատկապես կիրակի օրերուն համար, և դուն կիրակի օրվանը չունիս եղեր և աս մեծ ցավ մէ եղեր քեզի համար:

Ի՞նչ եղեր է, կիրակի օրր տուներնուդ մարդ եկավ ձեռքդ նայեցավ տե այսօր կիրակի չէ՞ ըսավ, ամեն մարդ իր կիրակին քուկին ձեռնոցե՞դ պիտի հասկնա։ Կիրակի օրվան ձեռնոց չունիս նե՝ կիրակի մի բռներ։

Բայց բոլոր ցավդ աս չէ եղեր, կիրակի օրվան համար պոթին կալոշ ալ չունիս եղեր, կոշկակարիդ պարտք ունենալուդ համար կոշկակարդ չշիներ եղեր, ուրիշին ալ շինել տալու համար ստակ