Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չունենալուդ՝ անցյալ կիրակի կանուխ եկեղեցի ես գացեր, որ զույգ մը պոթին կալոշ գողնաս, բայց ժամկոչը հոն ըլլալուն չես կրցեր եղեր գողնալ։

Նայե, ասոր ըսելիք չունիմ, ես ալ քեզի հետ եմ, կիրակի օրվան հատուկ պոթին կալոշ չունենալը մեծ դժբախտություն մէ, դիմանալու բան չէ, եթե ուրիշ մը ըլլար քու տեղդ այդ ցավեն կը մեռներ: Դուն աղեկ որ կըցեր ես դիմանալ։ Ի՞նչ ընենք բարեկամ, դժբախտություն, վիշտ, ցավ ամենը մեզի համար է, համբերե քիչ ժամանակեն ցավերդ կանցնին, ուրիշ օր մը եկեղեցի կերթաս և զույգ մը պոթին կալոշ կը գողնաս։ Ժամկոչը հոն չգտնվի նե՝ զույգ մալ ինձի համար գողցիր, բայց օր մը առաջ եկուր ոտքիս չափը ա՛ռ:

Բացի ասկից կիրակի օրվան համար փողպատ ալ չունիս եղեր, և այս ամենը կստիպեն եղեր զքեզ երթալ ծովը նետվիլ։

Պարո՛ն, հրամանքդ կիրակի օրվան համար ալ զատ երես մը ունի՞ս, չէ նե կիրակի օրերն ալ այս երեսդ կը գործածես։

Չե՞ս ամչնար դուն պարոն, չե՞ս խպնիր դուն, որ ասանկ ոչինչ բաներու համար, տունը տակնուվրա կընես, խեղճ տիկինդ կը չարչարես, չե՞ս ամչնար դուն երբ զավկիդ տալիք ապրուստդ ոտքիդ կուտաս, զավկիդ դաստիարակությանը համար տալիք ստակդ ոտքերուդ և ձեռքերուդ կուտաս:

Ասոնց ամենը մեկդի ընենք, ամեն գիշեր ուրիշեն փոխ առնելով թատրոն երթալու ես եղեր, թատրոն չերթաս նե ստակ չունի կըսեն եղեր, օթյակ չնստիս նե՝ քիչ ստակ ունի կըսեն եղեր, թող ըսեն, դուն քու վիճակդ բարվոքելու չնայի՞ս, անոր ասոր ըսելու կամ ըսելիքին ականջ կախելու ըլլաս նե՝ վերջը ո՞ւր կերթա։

Եթե ամենուն ըսածին ականջ կախել հարկ ըլլա, կիրակի օրվան համար ալ զատ անուն մը գործածել պետք կըլլա։

Ընդունեցեք իմ անկեղծ հարգանքներս։

Որով մնամ իմ ամենօրվան անունովս
Մեղու