Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԻՆԱՐԻ ԱՐԺԵԹՈՒՂԹԻՆ ՄԵՋ ԶՈԸՅԳ ՄԸ ՊՈԹԻՆ

Ատ ի՞նչ է, բինարի արժեթուղթը ծախելու համար մեջը մեյմեկ զույգ ալ պոթի՞ն կը դնեն կոր:

Չէ՛, ընթերցող չէ, անանկ ըլլար նե այն թուղթեն ես ալ կառնեի:

Տիկնոջ մեկը կոշկավաճառե մը զույգ մը պոթին կառնե։ Բայց պոթինը առած ժամանակը՝ փոխանակ պոթինը ոտքին հարմարցնելու ոտքը պոթինին հարմարցնելու կաշխատի, հետևապես պզտիկ ու նեղ զույգ մը պոթին առնելով տուն կերթա։ Տունը երթալուն պես անգամ մալ կը փորձե պոթինները և յուր ոտքին պզտիկ կը գտնե զանոնք կամ յուր ոտքերը մեծ կը գտնե պոթինին։ Ի՞նչ ընե, ոտքեն չկրնար բաժնվիլ ա՛, միտքը կը դնե այդ զույգ մը պոթինը ետ դարձունելով ավելի մեծկակը առնելու։ Կանայք հետերնին ինչ որ առնեն նե՝ անպատճառ թուղթի մը մեջ փաթտելու են, — թե որ հնար ըլլար՝ էրիկնին ալ թուղթի մը մեջ կը փաթտեին — ուստի թուղթի մը կտոր կը փնտրե, որ մեջը դնե ու տեղը տանի։ Լրագիրները շատ մը ծառայություններեն զատ իգական սեռին այս մասին ալ բավական ծառայություններ կրնեն, առած ապրանքնին միշտ լրագրաց մեջ կը փաթտեն և վերջեն պատռելով փողոցը կը նետեն: Հիշյալ տիկինն ալ տան մեջ լրագիր մը կը փնտրե և չկրնալով գտնել պահարանը կը բանա և բինարը լրագիր կարծելով՛ ոտքի ամանները մեջը կը փաթտե և շիտակ կոշկավաճառին խանութը կերթա:

— Պարոն, այս պոթինները չհարմարեցան ոտքիս։

— Ներեցե՛ք տիկին, պոթինը ետ չենք կրնար առնել։

Կոշկավաճառին աչքերը թուղթին վրա կը տնկվին։

— Ներե՛ցեք տիկին, որչափ որ չենք կրնար առնել նե՝ եթե այս պոթինեն քանի մը ղուրուշ կորսնցունելու հավանիք նե՝ ան ատեն բան մը կընենք:

— Քանի մը ղուրուշի խոսքը կըլլա։

— Շատ աղեկ, տիկին, շատ աղեկ. ահա ձեզի ուրիշ զույգ մը։