Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՂԹԱԿՑՈԻԹՅՈՒՆՔ ՄԵՂՈԻԻ

Պարո՛ն

Նամակդ հիմա առի, կարդացի։

Հավատա, որ կյանքիս մեջ բնավ երբեք չլալու համար ուխտ ըրած Էի, քու պատճառավդ ուխտազանց գտնվեցա: Քաշածներդ կարդալով ու քաշելիքներդ գուշակելով արտասվաց հեղեղներ թափեցի։

Քանի մը ամիսե իվեր կինդ ուրիշի մը հետ սիրահարություն ընել սկսեր Է եղեր, քանի մը ամիսե իվեր ո՛չ կուտես ո՛չ կը խմես ո՛չ կը պսակիս ո՛չ կելնես, ո՛չ քուն ո՛չ ալ արթուն ես եղեր, ինչ ըլլալդ դուն ալ չես գիտեր եղեր և այս վիճակեն խալսելու համար ինձի խրատ կը հարցունես։

Ի՝նչ խրատ տամ քեզի, ի՞նչ դեղ տամ քեզի, գեշ հիվանդութենե բռնված ես, տղա։

Բայց որովհետև ինձի դիմեր ես, բոլորովին պարապ չդարձնելու համար կը խրատեմ քեզ, որ դուն ալ ուրիշ մը սիրես, այսինքն կնկանդ վարքն ուղղելու համար ուրիշի մը վարքն ավրես, և կարծեմ քու մտքեդ անցածն ալ աս Է։

Ինձի համար բարի մարդու մը կը նմանիս ըսեր ես, այս խոսքը չեմ ընդունիր, որովհետև արդեն բարի մարդ մեմ և նմանելու հարկ չունիմ. ձեր ինձի ըրած խոսքը կը նմանի ըսել. այս բարի մարդը բարի մարդու կը նմանի կամ այս թուղթը թուղթի կը նմանի։ Արդ, քանի որ ես աղեկ գիտեմ բարի մարդ ըլլալս կը փափագիմ, որ ըսելիքներուս չբարկանաս։

Պարոն. կուզե՞ս որ կինդ ուրիշ մեկը չսիրե, սիրե կինդ։ Կրնա՝ս ըսել, որ ուրիշ կնկան մը ծուռ աչքով նայած չունիս, կրնա՞ս ըսել, որ ընկերության մը մեջ աչքերդ ժամերով որիորդի մը վրա տնկած չես։ Եթե ասանկ չես կրնար ըսել, ի՞նչ իրար կանցնիս, ի՞նչ կը ծեծկվիս, ի՞նչ կը փեթտվիս, ի՞նչ կը հառաչես, ի՞նչ կուլաս կողբաս...