Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՀԱՐՍՆ ՈԻ ՆՈՐ ՓԵՍԱՆ

Անցյալ Կյուրակե սրտիս նեղութենեն Բերա ելնելով՝ հասարակաց պարտեզը մտա քիչ մը ազատ օդ շնչելու համար, և քանի մը պտույտ ընելես վերջը մեր նոր դրացիներեն Ն. տիկինը տեսա իր ամուսնույն պարոն Տ.-ի հետ, որոնք ինձ նման իրենց Արտին նեղութենեն պտըտելու ելած ըլլալու էին, որովհետև շաբաթ իրիկուն ժամը 3-ին 4-ին միջոցները իրենց բնակարանին մեջ մեծ փոթորիկ մը ունեին։ Չերկնցունենք՝ ասոնք սկսան պարտեզին մեջ պտույտնին շարունակել Մունչ Կիրակոսին նման, իսկ ես, որ առջի իրիկվնե հետաքրքիր էի ասոնց կռվույն պատճառը իմանալ, հեռուեն իրենց կը հետևեի բան մը իմանալու համար, վերջապես ամբողջ պարտեզին մեջ կես ժամեն ավելի առանց նստելու պտըտելնեն վերջը լռության կապը խզեց նոր հարսն ու ըսավ.

— Քա ճանըմ, ոտվըներս ջուր ինջավ պարտելով, քիչ մալ նստինք:

— Նստինք ամա՝ ճեպինս գիտես ա՛, նստելնուս պես մարդը կը տմպե։

— էյ, աղեկ ա՛, ես քեզի մեզարլըխ երթանք նստինք ըսի, հոս ինչո՞ւ բերիր, երկու ղուրուշ ալ փարա տվիր։

— Անոր անտեղր քեզի հասկցունեմ նե՝ ինձի բան չմնար:

— էյ, ասանկ դոզոխ դոզոխ տնկվինք մնա՞նք պիտի։

— Կամաց խոսե՛, ամոթ է, կեցիր սա ետևի կողմը, երթանք տե՛ հոն նստինք, պելքի մեզ չեն տեսնար ու ինչ կը խմենք տեյի չեն հարցուներ:

Այս ըսելով երկնցան քիչ մը և պտըտելեն ետևի կողմը երթալով քանաբեին վրա նստան. ես ալ կամացուկ մը քանաբեին ետևի կողմը ձևացյալ բլրակին տակոքը կծկտեցա խոսակցություննին մտիկ ընելու համար։