Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կարծեմ թե օդն սքանչելի էր և ծովային հաճելի ճամբորդություն մըրիք, ավելցուց տիկին Բ... հյուրին ձեռքն անընդհատ թոթվելով։

Պարոն Կուռնելիոս մեյ մը տիկին Ա...ին կը նայեր, մեյ մը տիկին Բ...ին և հետո մյուս կանանց, որ շրջապատած էին զինքն սեմին վրա և ձեռքը կուզեին թոթվելու համար։

— Բավական է ա՛լ, տիկին Ա... թող տվեր, որ մենք ալ բարի գալուստ մաղթենք, պոռաց տիկին և տիկին Ա...ին ձեռքեն հափշտակեց պարոն Կուռնելիոսին ձեռքն, զոր սկսավ թոթվել ուժով:

Տիկին Գ...ին օրինակին հետևեցավ տիկին Պ... և տիկին Բ...են կորզեց մարդուն ձեռքն, զոր ցավցնելու չափ ուժով սկսավ շարժել:

Պարոն Կուռնելիոս յուր ձեռքերն այս կանանց տրամադրությանը հանձնած անտարբերությամբ կսպասեր իրաց վախճանին։

Ա... և Բ... տիկինները գնացին բազմոցին վրա նստան։

Տիկին Գ. — Բարի գալուստ, պարոն Կուռնելիոս, կաղոթեմ, որ ուխտդ կատարվի ուզածիդ պես և բախտավոր ըլլաս։ Երեկ առտու այս բանին համար հատկապես եկեղեցի գացի և մոմ վառեցի։

Տիկին Դ. — Բարի մարդոց գործերը միշտ կը հաջողին, և դուք շատ բարի, ազնվական, վեհանձն մեկն եք, պարոն Կուռնելիոս, արդարև առաջին անգամն է, որ կը տեսնեմ զձեզ, սակայն ես մարդուն դեմքեն կը հասկնամ անոր ինչ բնավորության տեր ըլլալը։

Թույլ տվեք, որ մենք ալ կատարենք մեր պարտքը, աղաղակեցին տիկնայք Ե... և Զ... և պզտիկ կսմթամարտեն ետքը հաջողեցան տիրել պարոն Կուռնելիոսին ձեռքերուն։

Տիկին Ե. — Բարի եկար պարոն Կուռնելիոս, ողջամբ եկար, պարոն Կուռնելիոս, ինչ որ դրած ես մտքիդ մեջը խերով կատարվի, պարոն Կուռնելիոս, միշտ խնդաս, պարոն Կուռնելիոս, միշտ ուրախության մեջ տեսնեմ քեզի, պարոն Կուռնելիոս, քու տղեկութենեդ մենք ալ կօգտվինք, պարոն Կուռնելիոս։

Տիկին Զ. — Բարով եկար, պարոն Կուռնելիոս, սիրելի եղբայրս, կը մաղթեմ, որ աճապարանոք վնասակար բան մը չընես, ասանկ գործերու մեջ լավ խորհիլ և աղեկ կշռել պետք է: Սիրելիդ իմ Կուռնելիոս, ես ուրիշ խոսք չեմ ըներ։