Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խարդախ։

— Ե՞ս։

— Լիրբ։

— Ե՞ս։

— Ձեզի բարև տալն մարդուս պատվույն կը դպչի։

— Հասկցա, հասկցա, ի՞նչ ընեմ որ ես ազնվական եմ և ուրիշներուն ետևեն խոսելու սորված չեմ, կարծեմ հիմա ասկից ելնող կինն, անշուշտ զքեզ խաբելու համար, զիս բամբասած է։ Բայց թող գիտնա այն կինն, որ թող չպիտի տանք իրեն, որ զքեզ խաբե և թշվառացնե։

— Անիկա մարդու զավակ է։

— Այնպես կըսե ինք, մեյ մայ ուրիշներուն հարցուր։ Քանի քանի տուներ կործանեց, քանիներու դժբախտության պատճառ եղավ, անանկ կնկան մը հետ խոսիքն իսկ վնասակար է. բայց ինչո՜ւս պետք․․.

— Գե՞շ կնիկ է։

— Ինե գիտցած մի՛ ըլլար, պարոն Կուռնելիոս, բայց անկից ավելի գեշ կնիկ գտնել խիստ գժվար է։

— Իրա՞վ կըսես։

— Ստախոսին մեկն է, բայց ինե գիտցած մի ըլլար։

— Ինձի ալ շատ ճշմարտախոս չերևցավ այդ կինը։

— Քանիներու հիսուն տարեկան աղջիկներ կլլեցուցեր է, քսանհինգ տարեկանի տեղ, բայց, կաղաչեմ, ինե գիտցած մի՛ ըլլար. ես ասանկ ստորին բաներու կարևորություն տալով անոնց վրա խոսիլ չեմ ուզեր, իմ կրթությունս թող չտար, որ խոսիմ։

— Կըթյալ կնիկ մալ ասանկ ըլլալու է։

— Չեմ ուզեր ըսել, բայց շատ սատանա կնիկ է։

— Անանկ է, անանկ, ես ալ այն կարծիքեն եմ։

— Տունդ փլցնելու համար եկած է քեզի։

— Շատ աղեկ ըսիր, ճիշտ այն նպատակավ եկած է։ Լավ համոզվեցա։

— Հիմա, պարոն Կուռնելիոս, դուք կարգվիլ կուզեք, այնպես չէ։

— Այո՛, կարգվիլ կուզեմ։

— Կը գովեմ զքեզ, մարդս կարգվելու է.․․

— Ծնողքս ալ այնպես ըսին։

— Բայց հասկնալ կուզեմ նախ, թե ինչո՞ւ համար պիտի կարգվիս...