Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուռնելիոս. — Աս ի՞նչ խայտառակություն է, աս ինչ անտանելի բան է եղեր հոս աղջիկ տեսնելու երթալը։

Միջնորդներու խումբը. — Մենք քու խաղալիկդ չենք

Կուռնելիոս. — Ամենուդ հետ ի՞նչպես կրնամ գալ միևնույն ժամանակ, ինը կտոր ըլլամ։

Միջնորդներու խումբը. — Կտոր կտոր ըլլաս, ինչո՞ւ համար մեզի և աղջիկներուն տերերուն ծախք ընել տվիր պարապ տեղը։

Համբարձում աղբար։ — Ի՞նչ ծախք․..

Տիկին Թ․ — Աղջիկ տես ելնելն առանց ծախքի կըլլա՞։ Հարկավ պատրաստություններ եղան ան տուները և պատրաստությունները ձրի չեն։

Կուռնելիոս. — Ի՞նչ պիտի ընենք։

Տիկին Թ․ — Ի՞նչ պիտի ընես, մեր ծախքերը պիտի տաս։

Իմ և ցույց տալիք աղջկանս ծախքը չորս ոսկի է, կուտաս չորս ոսկին, բարի եկար, հազար բարի։

— Հինգ ոսկի ալ ես կուզեմ։

— Վեց ալ ես։

— Նույնքան ալ իմ ծախքս է։

— Չորս ու կես ալ իմս է։

— Իմս ալ հինգեն քիչ մը պակաս է։

— Ես ալ երեք ու կես կուզեմ։

— Չորս ոսկի ծախք ըրի ես։

— Չորս մեկ քառորդ ոսկի ալ ես ծախք ունիմ։

Կուռնելիոս․ — Ի՞նչ կըսեն ասոնք, Համբարձում աղբար։

Ամենքը․

— Մենք մեր կողմեն տիկին Թ․․․ն փոխանորդ կը կարգենք, անոր հետը խոսե՛։

Տիկին Թ․ — Այո՛, պարոն Կուռնելիոս, ասոնց ծախքը տալու է, ուրիշ ճար չկա, բզիկ բզիկ կ՚ընեն զքեզ։

Կուռնելիոս․ — Ես ի՞նչ հանցանք ունիմ որ․․.

Տիկին Թ. — Հանցանքդ սա է, որ ամենուն ալ զատ զատ խոսք տվեր ես, անոնք ալ գացեր պատրաստություններ տեսեր են, պատրաստությունն ալ առանց ծախքի չըլլար։

Տիկին Ա․ — Ասկե վերջ երթալ ուզես իսկ քեզի աղջիկ չեմ ցուցներ, անանկ բալթոյով շալվար հագնող մարդուն համար աղջիկ չունիմ ես։

Տիկին Բ. — Ես ալ չունիմ։