Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարուստ մը կը փափագի կրոնավոր մը ծեծել — որովհետև դրամն այլանդակ փափագներ կը տածե մեր մեջ — և կր ծեծե։ Կրոնավորն կը բողոքե այս գանակոծության դեմ։ Կրոնապետն հարուստն կը հրավիրե յուր տունն, կամ հարուստին տունը կը հրավիրվի, և կը հորդորե մեծատունն, որ շնորհ ընե հաշտվիլ այն կրոնավորին հետ, զոր նախատած է, ծեծած է։ Հարուստն կը զլանա այս շնորհն։

— Կաղաչեմ, կըսե, այդ կրոնավորին խոսքը մի բանար, վասնզի ջիղերուս կը դպչի։

— Խնդրեմ, մի՛ մերժեր խնդիրքս, հոս բերել կուտամ կրոնավորն, թող ձեր աջն համբուրե և հաշտվիք իրարու հետ։

— Անկարելի է, և եթե պնդեք ձեր առաջարկության վրա, ես ալ կստիպվիմ ետ քաշվիլ ազգային գործերեն և ծառայություն չմատուցանել ազգին։ Տասը տարին անգամ մը կրոնավոր մը ծեծեր եմ, մե՞ծ բան մ՛է։

Մինչև հոս, ինչպես հայտնի է, ոչ թյուրիմացություն կա և ոչ արդյունք, խնդիրն պարզապես պատվո խնդիր է։

Իսկ երբ օր մը հաշտություն գոյանա ծեծողին և ծեծվողին մեջտեղ, այն ատեն թյուրիմացությունն յուր արդյունքին ձեռքեն բռնած կը ներկայանա, և ահա ինչպես.

Միջամտողն. — Յվայլեր ձեզի, որ քենով ապրիք իրարու հետ, հաշտվեցեք։

Հարուստն. — Ես քեն չունիմ արդեն։

Կրոնավորն. — Եվ քեն պահելու պատճառ մը չունիք, որովհետև դուք ծեծեցիք զիս և մորուքես քաշեցիք, թելեր խլելով անկից։

Միջամտողն. — Չեմ կարծեր, որ զձեզ ծեծած ըլլա, դուք սխալ ըմբռնած եք։

Հարուստն. — Շատ սխալ ըմբռնած է, ես ի նշան մեր սիրո և բարեկամության յուր մորուքն շոյեցի։

Միջամտողն. — Այնպես է, բայց կերևի, թե ինքն հուզման մեջ սխալ հասկցած է ձեր միտքը։ Թյուրիմացությունն հայտնվելե հետո ուրիշ բան չմնար ընելիք, եթե ոչ զիրար գրկել:

Կրոնավորն այս բացատրութենեն գոհ կըլլա և այնպես կը թվի իրեն, թե իրոք ծեծ կերած չէ։

Հաշտության լուրն անմիջապես կը տարածվի։ Կրոնավորին բարեկամներն կը հարցնեն իրեն։

— Ի՞նչպես եղավ, որ հաշտվեցաք, ի՛նչ գոհացում տվավ։