Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ոչինչ, ըրած էր, որ գոհացում տար։

— Ապտակ չզարկա՞վ ձեզի։

— Այո՛, զարկավ, բայց զիս ծեծելու նպատակով չէ զարկեր, ես սխալ հասկցա այն օրը։

— Մորուքեդ չքաշե՞ց։

— Այո՛, բայց մորուքս փեթտելու նպատակ չուներ, ես այն օրն առանց դատողության կարծեցի, թե յուր նպատակն մորուքըս փեթտել էր։

— Երեսիդ ապտակ հանած ժամանակը, մորուքդ քաշած ժամանակը ցավ չզգացի՞ր, եղբայր։

— Ի՞նչպես չզգացի, դեմքես կրակ ցատկեց կարծես.․.

— էհ, ինչպես ուրեմն...

— Սխալ զգացած եմ... թյուրիմացություն կա գործին մեջ. նա զիս կը սիրե եղեր և ես կը կարծեմ եղեր, թե կը ծեծե զիս..․ թյուրիմացության արցյունք:

— Այսքան ալ թյուրիմացություն լսած չունեի։

(Սույն վերջին դեպքին մեջ հաշտությունն ենթադրական է, որովհետև, ինչպես կ՝իմանանք, կրոնավորն թյուրիմացությամբ չուզեր փակել խնդիրն։ Նույնպես հարուստն չընդունիր, որ թյուրիմացությամբ ծեծած ըլլա, կրոնավորն ալ կը պնդե, թե շատ լավ ըմբռնած և կատարած է նորատի և սուտակասպաս կեղծավորի մը պատվերներն, որովք կը հրամավեր իրեն գանակոծել հիշյալ կրոնավորն)։

Ինչպես կերևի, մեր մեջ թյուրիմացությունն է, որ ծնունդ կուտա վեճերու և վախճան կուտա անոնց, և ասանկ թյուրիմացություն մ՝ալ պետք է մեր ազգին։