Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառություն ընե յուր մեկ բարեկամեն, ի՞նչ կըլլա, վաղը կուտա, օրե՞նք է մայիսին դաշտ չելնելը, սովորությունը հարգելու է։

Այս սովորության հետևելու համար է, որ տիկին Ք.․․ առջի գիշերվնե կը հրամայե յուր ամուսնույն, որ հետևյալ օրն կանուխ ելնե և դաշտը ճաշ մընելու համար պետք եղած պատրաստություններն տեսնե:

Տիկին Ք... բանաստեղծական լեզվով հիսուն գարուն տեսած է: Թարմության հրապույրներեն քանի մը մնացորդներ կը նշմարվին դեմքին վրա: Գեղեցկության ավերակ մէ, և իբրև հնություն հնագետներու միայն ուշադրությունն կը հրավիրե։ Դեմքին գծերն, որ բևեռագրի նմանություն ունին՝ կը հայտնեն, թե ժամանակավ բավական գեղեցիկ շենք մեղած է։ Տիկին Ք... էրիկ մարդու պես ազատախոս և համարձակ կին մէ։ Իրիկուններն оղի կը խմե, ճաշի ժամանակ գինին չմոռնար։ Ճաշեն ետքը բարձրաձայն կերգե, կը պարե և յուր կյանքն միշտ ուրախության մեջ կանցունե։ Աղջկանց դաստիարակությանը բնավ հոգ չտանիր, գեղեցկությունն, կը հավելու, ամեն լեզու գիտե, թո՛ղ որ, կըսե, գեղեցիկն պարտավոր չէ ուրիշներու լեզուն սորվելու զիջանիլ, այլ պետք է յուր բարձր դիրքն պահել և ստիպել ուրիշներն, որ գեղեցկին բարբառն սորվին։ Տիկին Ք... երբեմն յուր էրիկն կը ծեծե, ոչ թե յուր էրկանը մեկ հանցանքը տեսնելուն համար, այլ պարզապես էրկանը հասկցնելու համար, թե ինքն է տան մեջ հրամայողն։ էրիկն տկար ըլլալով — որովհետև երկու հազար ոսկի դրամոժիտ առած է կնիկեն — կնկանն այս ընթացքին դեմ բողոքելով կը շատանա և յուր դատը անաչառ պատմության կը հանձնե։ Այսպես համառոտիվ ներկայացնելեն ետքը մեր սույն հոդվածին երկու հերոսներն, խոսքն անոնց կուտանք:

Կինն. — Վաղը առտու կանուխ կելնես և երկու լանտո կը բռնես:

Այրն․ — Այս օդով ո՞ւր պիտի երթանք, տիկին, ձմռան ցուրտ է:

— Ամեն ատեն ինձի դեմ խոսելու բնավորությունդ չըձգեցի՛ր տակավին. ամեն ծոսքիս պատասխան մր կը գտնես. չկրցինք հասկցնել, թե դուն պարտավոր ես հրամաններս կատարել։ Ամեն օր կրկնելու է, աս ի՞նչ հաստ գլուխ մարդ կըլլաս օրե օր:

— Տիկին, չսկսինք նորեն:

— Ի՞նչ է եղեր սա սկսելիքդ, զրուցե՛ նայիմ, հասկնալ կուզեմ, թե ի՞նչ պիտի սկսիս: