Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանանց դեմ անիրավ հարձակումներ կ՚ընեմ եղեր, բարոյախոս լինելե շատ հեռու եմ եղեր, կիներուն գործոց խառնվելու իրավունք չունիմ եղեր... ո՞ր մեկն հիշեմ... կիներեն երես չգտնելուս համար անոնց ետևեն ինկեր եմ եղեր և այլն և այլն և այլն, և այս բոլոր անվայել խոսքերն արտասանած եք ի ներկայության երեսուն կանանց և ի բացակայության այս նամակն գրողին։

Կիները չե՞մ սիրե՜ր եղե՞ր... այսպիսի անլուր հայհոյություն մառաջին անգամ է, որ կը լսեմ աշխարհիս վրա։ Եթե ներողամիտ չլինեի, դատ կը բանայի ձեզի դեմ և անհերքելի և հզոր փաստերով ապացուցանելեն հետո, թե կը սիրեմ կիները, քանի մ՚ոսկվո տուգանաց դատապարտել կուտայի զձեզ։ Բայց առանց կրոնավոր լինելու, ներողամիտ գոլով կը հրաժարիմ այդպիսի խիստ միջոցներու դիմելե, մանավանդ ի վնաս կնոջ մոր֊ քիչ մը խենթ է և բարկության միջոցին հաճեր է նախատել զիս։ Աղոթք ըրեք դարձյալ, տիկին, որ աշխարհականի մը հետ է ձեր գործն, եթե իմ տեղս կուսակրոն մը լիներ, ձուն կը բերեր ձեր գլխուն այդ մեկ զրպարտությանդ համար։

Բայց ինչո՞ւ չսիրեմ կիներն, ինչո՞ւ կիներն չսիրեն զիս, միթե անոնց աղեկությանը համար չէ՞, որ սիրտ, միտք և հոգի կը մաշեցնեմ այսքան տարիներե ի վեր, միթե անոնց բռնած ընթացքին վրա խորհելուս համար չէ՞, որ շատ գիշերներ կը տքնիմ։ Ավա՞ղ, այսքան աշխատությանցս և խնամոցս ի վարձատրություն թշնամանք պիտի ընդունիմ եղեր...

Տիկին, ներեցեք, ինձ ըսել, թե դուք իմ միտքս չեք հասկցեր, ուստի թույլ տվեք, որ հասկցնեմ։

Շինծու գեղեցկութենե զղվիլն գեղեցիկն սիրել ու պաշտել է։ Ես մահու չափ թշնամի եմ կեղծ գեղեցկության, որով փայլիլ կ՛ուզե ձեր ազնվությունը։ Անշուշտ, տարբեր եղանակավ պիտի վարվեիք հետս, եթե նույն գիշեր ձեր քովն նստեի և պաշտեի զձեզ ըսելով. «Ո՞րքան գեղեցիկ եք, տիկին... ի՞նչ սև մազեր, մարգրիտի պես ակռաներ և վարդագեղ դեմք ունիք»։ Կընդունիմ, թե այս խոսքերն չըսի ձեզ, բայց դուք ալ ընդունեցեք, թե ներկված են ձեր մազերը, շինծու են ձեր ակռաներն, և որդան ծիրանիով ծեփված է ձեր դեմքը։ Դուք, տիկին, պարտավոր եք, ձեր ճերմակ մազերով, թափված ակռաներով և թոռմած երեսներով ներկայանալ ընկերությանց, եթե կ՛ուզեր կոկիկ, գեղեցիկ և սիրուն երևալ։ Բնական տգեղությունն արվեստակյալ գեղեցկութենե ավելի, շատ ավելի գեղեցիկ է։ Տգեղություն մը ծածկվելով չանհետիր, ընդհա-