Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կառակն՝ անոր, որ ներկերու ներքև ծածկել կը ջանա յուր դեմքին ինչ ինչ թերություններն, տգեղությունն ավելի զգալի կերպով դուրս կուտա։ Մոռցա ըսելու, թե նույն գիշերը ձեռներուդ տգեղությունն ծածկելու համար բնավ չհանեցիր ձեռնոցներդ, և կարծեցիր թերևս, թե ոչ ոք նշմարեց այդ կարծեցյալ ճարպիկությունդ։ Ամենքն խնդացին քու վրա, ես միայն ցավեցա տեսնելով, թե ծաղու նշավակ կըլլա վաթսուն տարեկան կին մոր պատկառանք ազդելու դյուրություններ ունի։ Այս տողերն կարդացած ատենդ պիտի սրդողիս, գիտեմ, և պիտի ըսես, «Ինչո՞ւ վրաս պիտի խնդան, ի՞նչ ունեի ծիծաղ շարժելու, միթե քիչ մը ավելի գեղեցիկ ըլլալու փափագն հանցա՞նք Է կնոջ մը»։ Գեղեցիկ ըլլալու ջանքով տգեղանալն հանցանք Է, տիկին, և դուք տգեղցեր Էիք նույն գիշերն։ Ծեր կամ տգեղ կնոջ մը չափազանց զարդն, կըսե օրիորդ տը Սոմերի, կիմացնե, թե այդ կինն թե տգեղության զրկանաց և թե ծերության ավերանար վերա կը բարդե նաև խենդության այլանդակություններն։ Օրիորդ տը Սոմերին և դուք եք խենդ, պիտի պոռաս, սակայն, եթե պաղ արյամբ խորհիս, պիտի տեսնես, որ խենդը դուն ես։ — Ինչու չպիտի զարդարվիմ եղեր, միթե երեսուն և ինն տարեկան ըլլալով աշխարհիս զվարճություններեն և վայելքներեն ձեռք քաշելու պարտավոր եմ, ինչո՞ւ ինձի հարմար ամուսին մը գտնելու չաշխատիմ, երեսունն անցած կիներուն ոտքը քար մը կապելով ծո՞վ նետելու Է զանոնք։ Ներե, որ խնդամ այս հարցումներուդ վրա, տիկին։ Են կիներ, կըսե Րոշպրյուն, որոց անհրաժեշտ Է զարդն, անոնք այն միսերու պես են, որ շատկեկ համեմվելու կարոտ են ախորժակ բանալու համար։ Սակայն դուք ախորժակ գոցելու չափ համեմված Էիք։ — Լռե՛, անպիտան, պապանձե՛, անառակ, կը վայլե՞ բարոյախոսի մը կնկան մը հետ այսպես վարվիլ․․. ախորժակ կը գոցեմ եղեր․․․ կնկան մը ըսվելու խո՞սք Է ասիկա։ — Մի սրդողիր, կաղաչեմ, խնդիրն անձնականի տեսությամբ մի դիտեր, ազգային տեսակետով քննե՛, և պիտի համոզվիս, թե որքան իրավունք ունիմ այսպես խոսելու։ Դուն, տիկին, այդ անվայել վարմունքովդ չար օրինակ կուտաս նորատի աղջկանց և կանանց, դու և քեզի նման տիկիններն են, որ պիտի առաջնորդեն նոր սերունդին պարզասիրության մեջ, և եթե դուն և քեզի նման տիկիններն այսպես խենդությամբ վարվին, նորատիներն շղթայով կապել հարկ կըլլա։ Ա՛հ, տիկին, եթե պճնասիրության վնասներն մի միայն ծիծաղն շարժելու մեջ կայանային, ձանձրություն չէի այս նամակն քեզի գրելու, բայց պճնասիրության գործած վնաս—